Քաղաքականություն

Ուրախ եմ, որ Պեդրոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ. Ալեն Սիմոնյան

Mariam Z. 535 դիտում
Ուրախ եմ, որ Պեդրոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ. Ալեն Սիմոնյան

Ալեն և Կառլեն Սիմոնյաններից ստացել եմ նույն բովանդակությամբ երկու նամակ՝ փետրվարի 19-ի իմ գրառման մեջ տեղ գտած անճշտությունները շտկելու և զրպարտության համար ներողություն խնդրելու պահանջով։ Իմ տրամադրած տեղեկատվությունը այն էր, ինչ հասանելի էր ինձ՝ հիմնվելով իմ կարդացած լրատվական աղբյուրների վրա, և ես որևէ վնասի կամ զրպարտության նպատակ չեմ ունեցել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ Պեդրո Զարուկյանը:


«Նրանք իմ մեկնաբանություններում գտել են երկու խնդիր, որոնք ես կցանկանայի ուղղել և պարզաբանել, որ ես զրպարտության նպատակ չունեի:


Նախ, թեև ես նշել էի, որ 2021-2024 թվականներին Կառլեն Սիմոնյանը եղել է ընկերության տնօրենը և ոչ սեփականատերը, սակայն տեղյակ չէի, որ Կառլեն Սիմոնյանը 2023 թվականի ապրիլի 12-ին հրաժարական է տվել ընկերությունից։ Ուստի ուզում եմ հստակեցնել, որ Կառլեն Սիմոնյանը 2023 թվականի ողջ ընթացքում չի եղել տնօրենը և ես նրան զրպարտելու մտադրություն չեմ ունեցել։


Երկրորդ՝ ես կարդացել էի փետրվարի 19-ի Armlur հոդվածը հետևյալ վերնագրով «Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը, որ հարյուրավոր միլիոն դրամի մրցույթներում է հաղթել, գնում է սնանկացման. «Ժողովուրդ»», որից հետո արեցի հետևյալ մեկնաբանությունը. "Այսօր Armlur-ը տեղեկացրեց, որ Ալեն Սիմոնյանի եղբայրը սնանկության միջոցով փակել է իր «ԵվրոԱսֆալտ» ընկերությունը։ Հարց առաջացավ, թե ինչու է փակվում այդքան գերշահութաբեր բիզնեսը, և ես մտա Armeps.am՝ տեսնելու ...." Ուզում եմ հստակեցնել, որ ես տեղյակ չեմ եղել, որ Կառլեն Սիմոնյանն այլևս «Եվրոասֆալտ»-ի տնօրենը չէ, և որ Կառլեն Սիմոնյանն անձամբ սնանկության դիմում չի ներկայացրել։ Ես մտադրություն չունեի մեկնաբանություններում այս անճշտությունով որևէ կերպ ազդել Ալեն և Կառլեն Սիմոնյանների համբավի վրա»,- գրել է նա:


ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ իր հերթին արձագանքել է Պեդրո Զարուկյանի գրառմանը. «Դե ինչ, հարգելի ընկերներ, Երևանի ավագանու անդամ Պեդրո Զարոկյանը փաստացի հերքեց իր փետրվարի 19-ի գրառումը, որում ինձ, իմ եղբորը վերագրում էր ճանապարհաշինությամբ զբաղվող ընկերության հետ կապի մեջ և անհավանական քանակի պետական տենդերներ շահելու մեջ»


«Ուրախ եմ, որ Պեդրոն իր մեջ այդքան ազնվություն ու քաջություն գտավ՝ ընդունելու իր բացթողումը և հրապարակավ շտկելու այն, ինչը հարգանքի արժանի քայլ եմ համարում:


Հայցը, բնական է, այլևս անիմաստ է դառնում, մնում է, որ իրենց անկախ և օբյեկտիվ հռչակած լրատվամիջոցներն այն ջանասիրությամբ, ինչպես գրում էին, որ Ալեն Սիմոնյանը, իր եղբայրը կապ ունեն ճանապարհաշինական կազմակերպության հետ և հարյուր-միլիոնավոր դոլարների տենդեր է շահել, հետո սնանկացել, հիմա նույն ջանասիրությամբ հերքեն դա:


Դե ինչ, անկախ, ազատ, արհեստավարժ, օբյեկտիվ և ոչ «դեղին մամուլ», կսպասենք Ձեր արձագանքին»,-գրել է Ալեն Սիմոնյանը թելագրամի իր ալիքում։



Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250