
Թուրքիան արձագանքել է հայ–ադրբեջանական խաղաղության պայմանագրին

Թուրքիայի նախագահի արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով գլխավոր խորհրդական Ակիֆ Չագաթայ Քըլըչը խոսել է հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերություններից՝ անդրադառնալով նաև խաղաղության պայմանագրին։
«Թուրքիայի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերաբերյալ մեր դիրքորոշումը նախապես հայտնի է. մեզ համար Ադրբեջանի անվտանգությունն ու նրա տարածքային ամբողջականությունն ամենակարևոր գործոններն են։ Խոսելով այս դիրքից՝ մենք ուշադիր հետևում ենք ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո Ադրբեջանի և Հայաստանի միջև տեղի ունեցող գործընթացին, խաղաղության պայմանագրի խնդրին և դրան համապատասխան քայլեր ենք ձեռնարկում։
Բնականաբար, մենք քննարկումների մեջ ենք Հայաստանի հետ։ Կան միջազգային կառույցներ, որոնցում ներկայացված են Ադրբեջանը, Թուրքիան և Հայաստանը։ Մենք աշխատում ենք ճիշտ լուծում գտնելու, միասին առաջ շարժվելու և խաղաղ ապրելու ուղղությամբ»,- ասել է նա։
Պատասխանելով հարցին, թե ներկա փուլում քննարկվու՞մ է Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ներկայացուցչությունների փոխադարձ բացման հարցը, պատասխանել է․ «Ստեղծված իրավիճակում այս հարցը քննարկելու նախադրյալներ չկան։ Եվ ես այս մասին տեղեկություն չունեմ։ Եվս մեկ անգամ նշեմ, որ մեր դիրքորոշումն այս գործընթացի վերաբերյալ հայտնի է՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շատ հարցերի լուծման բանալին կլինի։ Խնդիրը, որի վրա այժմ կենտրոնացած ենք, Ադրբեջանի և Հայաստանի միջև գործընթացն է»։
Քըլըչը, պատասխանելով ԵՄ-ի և Ֆրանսիայի կողմից Հայաստանին զենք մատակարարելու հարցին, նշել է, որ Թուրքիան և Ադրբեջանը միասին կաշխատեն՝ «անցանկալի իրավիճակներից խուսափելու համար»։
«Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության գործընթացը շարունակվում է արդեն 60 տարի։ Այս գործընթացում Թուրքիայի նկատմամբ անարդարություն է եղել։ Այս ընթացքում մենք իմացանք, թե ինչպես են աշխատում Եվրամիության կառույցները։ Այս համատեքստում Թուրքիան և Ադրբեջանը համատեղ կաշխատեն՝ անցանկալի իրավիճակներից խուսափելու համար»,- ասել է նա։