Խաղության համաձայնագիրը լուծել է այդ խնդիրը. Փաշինյան

Մենք ասել ենք, որ պատրաստ ենք սկսել խորհրդակցությունները՝ խաղաղության համաձայնագրի ստորագրման ժամկետների ու տեղի շուրջ. Ադրբեջանն ունի իր պատկերացումները, իր հարցերը. Մեր գնահատականն այն է, որ այդ բոլոր հարցերը խաղաղության համաձայնագրի տեքստում հասցեագրված են, եւ մենք կփորձենք մեր դիրքորոշումները ավելի պարզաբանել: Այս մասին, այսօր՝ մարտի 13-ին, ՔՊ գրասենյակի մոտ լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Հարցին՝ Սահմանադրության փոփոխության հետ կապված հայկական կողմը Ադրբեջանի հետ որեւէ քննարկում իրականացնո՞ւմ է, նա պատասխանել է. «Ոչ, չունի այդպիսի քննարկում: Նախորդ տարվա ՍԴ որոշումից հետո ակնհայտ է, որ ՀՀ Սահմանդրությունը չունի տարածքային պհանջներ Ադրբեջանի կամ որեւէ այլ երկրի նկատմամբ: Երկրորդը, մենք կարծում ենք, որ Ադրբեջանի Սահմանադրության մեջ կան տարածքային պահանջներ Հայաստանի նկատմամբ: Բայց այս բոլոր հնարավոր ընկալումների հետ կապված հիմա արդեն կա նոր իրողություն: Դա խաղաղության համաձայնագրի համաձայնեցված տեքստի առկայությունն է: Այդ տեքստը բոլոր այդ մտավախությունները հասցեագրում է: Մենք առաջիկա քննարկումներում կփորձենք Ադրբեջանի հետ խոսել այս հարցի վերաբերյալ եւ տեսնել՝ որն է նրանց դիրքորոշման հիմնավորումը:


Խաղաղության համաձայնագրի առնվազն երեք հոդվածներում էլ խնդիրներին անդրադարձ կա եւ դրանք լուծված են:


Մենք եթե այդ հարցը քննարկենք, կքննարկենք այն հարցը, որ Ադրբեջանի Սահմանադրությունը տարածքային պահանջներ է պարունակում Հայաստանի նկատմամբ եւ մենք ինչու ենք համարում, որ խաղաղության համաձայնագրի տեքստը լուծել է այդ խնդիրը»:


Հարցին՝ նկատի ունեք, որ մինչ օրս բանակցային սեղանի շուրջ Սահմանադրությունը փոխելու հարցը չի՞ քննարկվել, Փաշինյանն արձագանքեց. «Իրենք իրենց դիրքորոշումները ասել են, մենք էլ ասել ենք, որ մենք մեր ներքին հարցերը չենք քննարկում»:

Քաղաքականություն