Այս գործոնը կբերի մեր երկրում կայունության և խաղաղության. Փաշինյան

Կցանկանայի այս լսարանի ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր թեմայի վրա, որը ժողովրդավարությունն է։ Շատ կարևոր է շեշտել այն հանգամանքը, որ հիմա Հայաստանը զարգացող ժողովրդավարություն է։ Այս մասին Antlantic council-ում ունեցած իր ելույթի ժամանակ հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:


Նա, մասնավորապես, նշել է. «Սա շատ կարևոր է և միջազգային հանրությունն ընդունում է այս փաստը։ Կարծում եմ` այս հանգամանքը, ես նկատի ունեմ ժողովրդավարությունը, շատ կարևոր ազդեցություն ունի մեր արտաքին քաղաքականության վրա, որովհետև երբ երկիրը ժողովրդավարական է, ակնհայտորեն այն փորձելու է խորացնել համագործակցությունը մյուս բոլոր ժողովրդավարական երկրների հետ, և մենք հույս ունենք մեր այս ձգտումը երկկողմանի կլինի։ Փաստացի մենք դա տեսնում ենք և գնահատում։


Մենք կշարունակենք ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը։ Իհարկե, ինչպես ամենուր, ժողովրդավարությունը բերում է մարտահրավերներ, բայց նաև բացում է հնարավորություններ, և մենք փորձում ենք կառավարել բոլոր մարտահրավերները, այդ թվում` ներքին, և օգտագործել բոլոր հնարավորությունները մեր երկիրը զարգացնելու նպատակով՝ կենտրոնում պահելով առաջին հերթին անվտանգային օրակարգը։


Բայց որպես անվտանգության ամենակարևոր շարունակություն մենք տեսնում ենք բարգավաճումն ու երջանկությունը, ազատությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը, անկախ դատական համակարգը և, ընդհանուր առմամբ, մեր քաղաքացիների հաջողությունը։ Մենք ուզում ենք, որպեսզի նրանք զգան, որ ժողովրդավարությունն իրապես գործոն է, որն ունակ է ապահովել անվտանգություն, բարգավաճում, ավելի ու ավելի հնարավորություններ բոլոր քաղաքացիների ու Հայաստանում ապրող բոլոր մարդկանց համար։ Մենք հույս ունենք, որ այս բարեփոխումների արդյունքում Հայաստանը կդառնա ավելի գրավիչ երկիր ներդրումների, ապրելու, այցելելու համար։ Սա է մեր քաղաքականությունը, որ մենք փորձում ենք առաջ տանել։


Իհարկե, մենք զգում ենք, որ Հայաստանի տեսանելիությունը՝ որպես ժողովրդավարական երկիր աճում է, որը շատ ոգևորող է, բայց մյուս կողմից իհարկե, հույս ունենք ավելի շատ տեսանելիություն ապահովել, ավելի շատ աջակցություն ստանալ մեր միջազգային գործընկերներից, ժողովրդավարությունում գրանցած Հայաստանի հաջողության պատմությունը, մարտահրավերների և անվտանգային սպառնալիքների պատմությունը ավելի տեսանելի դարձնել միջազգային հանրության համար, ինչը կարծում եմ` կարող է և կլինի մեր երկրի ու տարածաշրջանի համար կայունության և խաղաղության գործոն։ Ես փորձեցի ներկայացնել ընդհանուր պատկերը մեր երկրի և մեր տարածաշրջանի մասին և հիմա պատրաստ եմ պատասխանել ձեր բոլոր հարցերին»: