ՌԴ-ն եղել և մնում է ՀՀ-ի խոշորագույն տնտեսական գործընկերը. Կոպիրկին

Ռուսաստանը եղել և մնում է Հայաստանի խոշորագույն տնտեսական գործընկերը: Այս մասին հունվարի 17-ին «Հայաստանում ռուսերենի լավագույն ուսուցիչ 2024» ազգային մրցույթի արդյունքների ամփոփման արարողության ժամանակ ասել է Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինը։


Նրա խոսքով, Հայաստանում զբոսաշրջային հոսքի հիմնական կոնտինգենտը ռուսներն են։ Նա հավելել է, որ այս ամենը վկայում է այն մասին, որ ռուսաց լեզուն շարունակում է մնալ շատ կարևոր գործոն ինչպես երկկողմ հարաբերությունների զարգացման, այնպես էլ Հայաստանի ներուժի ամրապնդման գործում։


Կոպիրկինը նշել է, որ աշխարհը փոխվում է, Հայաստանն ու Ռուսաստանը ինքնիշխան պետություններ են։ Միևնույն ժամանակ, դեսպանը վստահություն է հայտնել, որ ռուսաց լեզվի առաքելությունը լիովին պահպանում է իր նշանակությունը, ներառյալ գործնական առումներով, կապված այն բանի հետ, որ Հայաստանն ու Ռուսաստանը միավորված են շատ սերտ կապերով բազմաթիվ ոլորտներում, որոնք առանցքային նշանակություն ունեն ոչ միայն պետությունների, այլև մարդկանց և ընտանիքների կյանքի համար:


«Ռուսաստանի համար առաջնահերթ ուղղություններից մեկը ռուսաց լեզվի պահպանումն ու հզորացումն է աշխարհում, իսկ մեզ հարազատ եղբայրական երկրներում, ինչպիսին Հայաստանն է, դա հրամայական է»,- նշել է նա:


Նա վստահեցրել է, որ Ռուսաստանը շատ լուրջ է վերաբերվում այդ խնդրին։ Նրա խոսքով, Հայաստանում ՌԴ դեսպանատանն այս միջոցառման անցկացումը լավ նշան է, որ գալիք տարում Ռուսաստանն ու Հայաստանը երկկողմ հարաբերությունների զարգացման առումով ավելիին կհասնեն։

Քաղաքականություն