Շտապօգնության կանչի ժամանակը կրճատվել է՝ հասնելով 4 րոպեի. նախարար

2024-ին մեր կատարած աշխտանքների մի կարևոր կտորը, որը ևս հանրապետական նշանակություն ունի, շտապօգնության ծառայության հանրապետական ծառայության հիմնադրումն է, 2024 թվականին մենք Հայաստանի հյուսիսային հատվածը արդեն սպասարկում ենք Գյումրում նորաստեղծ օպերացիոն կառավարման կետից: Այս մասին այսօր՝ տարեկան ամփոփիչ մամուլի ասուլիսի ժամանակ նշեց առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:


«Այս տարվա ընթացքում ամբողջ հանրապետությունը արդեն կընդգրկվի այս միասնական ծառայության շրջանակներում։ Նոր օպերատիվ կառավարման կենտրոնի վերանորոգման և հագեցման աշխատանքները արդեն այս տարի մեկնարկել են։ Եվ պետք է ասեմ, որ այս փոփոխությունը հանգեցրել է նրան, որ նախ կանչի ժամանակն է կրճատվել: Միջինում չորս րոպեի ընդհանուր կանչի կրճատում ունենք Գյումրում և ամբողջ Շիրակի, Լոռու մարզերում:


Փոխվել է նաև կանչերի բովանդակությունը հոսպիտալացման առումով, մենք կարողանում ենք տարբերակել հոսպիտալացման և իսկապես շտապ օգնության կանչերը, ինչով էֆեկտիվությունը բարձրացնում ենք, վերանայվել է նաև կանչի գինը և սրա շրջանակներում կարողացել ենք համալրել և հագեցնել տեխնիկապես, վերապատրաստումներ իրականացնել և այս տարի նաև կվերանայենք շտապօգնության աշխատակիցների աշխատավարձը: Սա կարծում եմ՝ նաև չափազանց կարևոր է լավ ծառայություններ ունենալու համար»,-ասաց նախարարը:

Քաղաքականություն