«Խիստ վարչարարություն». միջոցներ կձեռնարկվեն օդի աղտոտվածության հետ կապված

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցություն ընթացքում անդրադարձել է օդի ախտոտվածության խնդրին:


«Տեղադրված 149 օդի որակի չափիչ սարքերից ստացվող տեղեկատվությունը երևում է քաղաքապետարանի կայքում։ Ձմռան ամիսներին այդ տեղեկատվությունը տեղ-տեղ մտահոգիչ է լինում»,- ասել է Ավինյանը։


Զեկուցվեց, որ յուրաքանչյուր տարի ձմեռային ամիսներին օդերևութաբանական անբարենպաստ պայմանների հետևանքով լինում են ախտոտվածության ցուցանիշների գերազանցումներ։ Նշվեց նաև, որ քաղաքապետարանը խիստ վարչարարության միջոցով շինհրապարակներն է ուշադրության կենտրոնում պահում և այս ընթացքում արտառոց արտանետումների ավելացում չի արձանգրվել։


Ավինյանն էլ ընդգծեց՝ օդի մարդածին աղտոտվածության առումով Երևանի քաղաքապետարանն անելիք ունի:


«Առաջարկում եմ քառամյա ծրագիր մշակենք, թե Երևանի քաղաքապետարանն ինչ միջոցներ պետք է ձեռնարկի օդի որակի աղտոտվածության բարելավման ուղղությամբ»,- ասել է Երևանի քաղաքապետը և հանձնարարել 2 ամիս հետո քառամյա ծրագիրը ներկայացնել։


Նրա խոսքով՝ քառամյա ծրագիրը և պետք է ներառի ամենապարզ մեթոդները:


«Օրինակ, ծառատունկն ու անտառատունկը, թվային հստակ ցուցանիշներով, այնպես էլ որոշակի սահմանափակումները, օրինակ, արդեն իսկ կարելի է ասել ժամկետանց ավտոմեքենաների շահագործումը Երևան քաղաքում, որոնք 2 կիլոմետրանոց ծուխ են թողնում իրենց հետեւից և նաև մեծ աղտոտիչներ են»,- նշել է Ավինյանը։

Քաղաքականություն