Այդ որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը․ Բայրամով
Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի նախագիծը ներառում է 17 կետ, որից 15-ն արդեն համաձայնեցված է, մյուս 2 կետի շուրջ աշխատանքները շարունակվում են։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը:
«Նախաբանի տեքստերը և 15 կետերը գրեթե ամբողջությամբ համաձայնեցված են, իսկ 2 կետերի շուրջ մենք բաց հարցեր ունենք։ Դրանց վրա աշխատանքները շարունակվում են։ Արդեն եղել է բանակցությունների և տեքստերի փոխանակման մի քանի փուլ։ Լիովին համաձայնեցված տարբերակի դեռ չի հաջողվել հասնել։ Աշխատանքը շարունակվում է»,- ասել է նա։
Բայրամովի խոսքով՝ խաղաղության հասնելու գործընթացը բարդացնում է Հայաստանի Սահմանադրությունը, որը տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ:
«Հայաստանի Սահմանադրական դատարանի վերջին որոշումն էլ ավելի է բարդացրել հարցը, քանի որ Հայաստանի Սահմանադրության նախաբանում հղում է արվում մի փաստաթղթի, որը եղել է Հայաստանի անկախացումից հետո, և այն պարունակում է տարածքային պահանջներ Ադրբեջանի դեմ», - նշել է Ադրբեջանի ԱԳ նախարարը:
Ըստ Բայրամովի՝ հետպատերազմական շրջանում Ադրբեջանն ու Հայաստանը շարունակել են խաղաղության շուրջ բանակցությունները և խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ կարծիքների փոխանակումը:
«Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունները շարունակվում են խաղաղության պայմանագրի շուրջ, շարունակվել են տեքստային փոխանակումները և այստեղ, չնայած բաց հարցերին, ակնհայտ առաջընթաց է գրանցվել»,- եզրափակել են ադրբեջանական կողմից։
Հիշեցնենք՝ Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանը 2024-ի սեպտեմբերի 26-ի որոշման մեջ նշվում է, որ Սահմանադրության նախաբանում Անկախության հռչակագրի հղումը վերաբերում է բացառապես հռչակագրի այն դրույթներին, որոնք ամրագրված են Սահմանադրության հոդվածներում։ Որոշման հրապարակումից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր՝ «ՀՀ Սահմանադրության ոչ մի դրույթ տարածքային պահանջներ չի պարունակում հարևան երկրների նկատմամբ»: