Զոհ և տուժածներ՝ Էջմիածին–Արմավիր ճանապարհին ավտովթարի հետևանքով
Դեկտեմբերի 2-ին, ժամը 15:39-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արշալույս գյուղի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ. կան արգելափակված քաղաքացիներ: Այս մասին հայտնում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Էջմիածին-Արմավիր ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ՝ Մ. Թ., ծնված 1960 թ.) և «Toyota» (վարորդ՝ Ա. Հ., ծնված 2003 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժածներ Ժ. Ս.-ն (ծնված 2009 թ.), Լ. Մ.-ն (ծնված 1977 թ.) և Գ. Տ.-ն (ծնված 2007 թ.) տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Փրկարարները Մ. Թ.-ին դուրս են բերել ավտոմեքենայից. բժիշկներն արձանագրել են վերջինիս մահը:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները, տուժածներ Ռ. Մ.-ին (ծնված 1956 թ.), Վ. Ն.-ին (ծնված 2006 թ.) և «Toyota» մակնիշի ավտոմեքենայի վարորդին մոտեցրել շտապօգնության մեքենաներին: