Ինչու արցախցիները չեն շտապում դիմել ՀՀ քաղաքացիության համար․ Ստեփանյանը պարզաբանում է
Թվերը փաստում են, որ բռնի տեղահանված արցախիցները չեն շտապում դիմել Հայաստանի քաղաքացիություն ստանալու համար։ Պատճառները տարբեր են՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ: Այս մասին ԱԺ-ում «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածների՝ ՀՀ քաղաքացիության ձեռքբերման» հարցերի շուրջ քննարկման ընթացքում ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Ստեփանյանը նշեց, որ մինչև 2023 թվականն արցախցիներին տրված 070 կոդով անձնագիրն անձին տալիս էր բոլոր այն իրավունքները, որոնք ուներ ՀՀ քաղաքացին, բացառություն էր կազմում միայն ընտրական իրավունքն, այն էլ Հայաստանում հաշվառվելուց և ընտրական ցուցակներում ներառվելուց հետո անձը նաև կարողանում էր իրացնել իր ընտրական իրավունքները Հայաստանում։
«070 կոդով անձնագրերով արցախիցները հանգիստ աշխատանքի էին անցնում Հայաստանի պետական, հանրային ծառայության ոլորտում, մի բան, որ օրենքով հասանելի էր բացառապես Հայաստանի քաղաքացիներին։ Որոշման համաձայն, բռնի տեղահանված արցախցիներին տրվել է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ, որը վերջին փոփոխություններով երկարաձգվել է մինչև 2025 թվականի դեկտեմբեր։ Սրան զուգահեռ, սահմանվել է, որ արցախցիները քաղաքացիություն ստանալու համար անհատական կարող են դիմում ներկայացնել և արագացված կամ պարզեցված կարգով ստանալ ՀՀ քաղաքականություն»,- ասաց Արցախի Մարդու իրավունքների պաշտպանը։