«Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք». վարչապետ
Մենք այսօր չզեկուցվող հարցերի փաթեթում որոշում ընդունեցինք նաև գետերի հուների հետ աշխատանքներ իրականացնելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 15-ին, կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից հետաքրքրվեց, թե դրանով ինչ խնդիր են լուծում:
«Ընդհանրապես մենք հիմա մտածում ենք, որ այդ հարցը դնենք ինստիտուցիոնալ հենքի վրա։ Հիշու՞մ եք, պարոն Սանոսյան, երբ որ Հաղարծին գյուղի մոտ մենք գնացինք, տեսանք, որ ճանապարհը քանդված է և նայեցինք գետի հունին, ասեցինք հա դե պարզ է, որ պիտի քանդվեր, որովհետև գետի հունի մեջ անտառ էր աճած»,-ասաց Փաշինյանը:
Սանոսյանն արձագանքեց. «Երկարաժամկետ լուծման համար երկու մեծ ծրագիր ենք իրականացնում. մեկը Լոռու մարզում Ասիական զարգացման բանկի հետ և բյուջեում 1,1 միլիարդ դրամ հաջորդ տարվա համար գումար ենք դրել, քանի որ իրենց պատվիրել ենք գետերի, գետահունների, հարակից հատվածների ուսումնասիրություն և առաջարկներ, թե ինչ ինչպիսի լուծումներ տանք, օրինակ ճանապարհը որոշ տեղերում փոխենք, լայնացնենք, բարձրացնենք, հուները ինչպես մաքրենք, ինչ հենապատեր դնենք, այսինքն ինքը մեծածավալ աշխատանք է պատվիրված :Նույնը արել ենք առանձին արդեն Աղստև գետի հետ կապված, հատկապես Դիլջան-Իջևան հատվածում։
Այս նախագծով մինչև այդ լուծումները մենք ջրհեղեղից հետո առանձնացրել ենք 25 կմ հատված Լոռու մարզում, 10 կմ Տավուշի մարզում, բնակավայրերին հարակից այն հատվածները, որոնք ջրհեղի հետևանքով որոշակի բերուքներ կան և որոշ մաքրման աշխատանքներ է պետք անել: Այս նախագծով 150 միլիոն կհատկացնենք Լոռու մարզին, 70 միլիոն Տավուշի մարզին, բայց 2025 թվականին էլ ենք որոշ այդպիսի աշխատանքներ շարունակելու»,-ասաց Սանոսյանը:
Փաշինյանն իր հերթին ասաց. «Ես մտքով գնացի Ալավերդի, երբ որ ջրհեղեղի հաջորդ օրը ես այցելեցի և այնտեղ մի այսպիսի տարօրինակ տեսարան տեսա, որ շենքի բակում ջրավազան էր գոյացել։ Եվ ես նայում էի, զգում էի, որ այստեղ ինչ-որ անտրամաբանական բան կա, որովհետև ոնց որ թե թեքությունը կա, ոնց որ թե գետի հունը այնպես է, որ պարտադիր չի, որ դա տեղի ունենա, և հետո ի՞նչ տեսանք տեղում։
Տեսանք, որ մեր սիրելի հայրենակիցները իրենց բակում ավտոտնակներ են կառուցել այնպես, որ դարձել են ամբարտակ։ Վերևի հատվածից ջուրը մտել է փողոց, եկել ներքևի հատվածում մտել բակ և բակից դուրս գալու տեղ պարզապես չի ունեցել:
Ոչ մեկս չենք ասում, լավ ժողովուրդ, բայց, բայց ինչքա՞ն էլի, ինչքա՞ն։ Հիմա եթե այդ ավտոտնակները քաղաքաշինական նորմերի համապատասխան լինեին կամ օրենքով, ժողովուրդը, պետությունը նախ այդքան վնաս չէր կրի, երկրորդն էլ այդքան լրացուցիչ ծախս անելու անհրաժեշտություն չէր ունենա»:
Վարչապետը նկատեց, որ նախ պետությունը պիտի թույլ չտար, որ այդտեղ գարաժը լիներ, երկրորդն էլ, երբ որ այդ տեղի է ունեցել, պետությունը պետք է ասի. «Գիտես ինչ, հարգելի քաղաքացի, դու քո արարքի հետևանքի պատասխանատվությունը պետք է կրես։ Քանի դեռ մենք ուժ չունենք այս ասելու մեր քաղաքացուն, մենք պետություն չենք դառնա»:
Այդ արդարադատության հետ էլ է կապված։ Մարդը գնում է բանկից վարկ է վերցնում, հետո տունը գրավ է դնում, բանկից արկ է վերցնում, տանում է բիզնես է դնում, իր մտածած, իր բան բիզնեսով, այդ բիզնեսը չի հաջողվում, հետո ես գնում եմ մարզ, ինձ տալիս է նամակ, ասում է, որ այսպես, այսպես, այսպես, այսպես, դե տունս կորցնում եմ, խնդրում եմ բան արեք, տունս պահեք։ Եվ ես ձեզ ուզում եմ խոստովանեմ, որ չի եղել մի դեպք, որ ես մարդուն ասեմ, հարգելի քաղաքացի, ցանկացած բիզնես ռիսկ է։
Մենք, որպես պետություն, մինչև հիմա այդ ուժը չունենք, այդ համարձակությունը չունենք, որ քաղաքացուն ասենք հարգելի քաղաքացի, մեզնից յուրաքանչյուրը իր կայացրած որոշումների պատասխանատվությունը պետք է կրի։
Մարդը կա, որ ասում է. «Լսեք, ես իմ գործը կազմակերպել եմ, հաջողության եմ հասել, այս իմ մրցակիցը հաջողության չի հասել, դուք հիմա իրեն սուբսիդավորում եք, օգնում եք, որովհետև ինքը գալիս է, ցույց է անում, սպառնում է, որ կինքնահրկիզվի: Ես ինձ համար աշխատում, հաջող հարկեր եմ վճարում, ես պրոբլեմ չունեմ, բայց դուք ինչու՞ եք ինձ համար պրոբլեմ ստեղծում»:
Հիմա մարդիկ գարաժ են սարքել, դրա արդյունքում ջրհեղեղ է եղել, տուժել են, ոչինչ, վերցրեք, հլը մի հատ էլ վախում ենք, ասում ենք, հը, կարող է մարդիկ բան լինեն, դժգոհ մնացին, հա՞, որ մի քիչ կարող է մի քիչ ավելացնենք բան, որ հանկարծ մարդիկ են էլի, դժգոհ չմնան: Մենք մեր ձեռքով մեր պետությունը քանդում ենք։ Սա է ճշմարտությունը։
Մենք չենք օժտում մարդուն կամքով, մենք չենք օժտում մարդուն ուժով, մենք անընդհատ մարդուն կարեկցանքով, կարեկցանքի կեղծ վերնագրերով և ուղերձներով ոչնչացնում ենք անհատին իր պատասխանատվությունը, իր ուժը, իր ճանապարհը հարթելու ընդունակությունը։ Ու սա մեր բազմաթիվ որոշումների մեջ, այսպես կարմիր թելով անցնում է, որովհետև մի տեղ մտածում ենք՝ դե բա մեր ընտրողն է, հիմա երեկ ընտրել է, վաղն էլ պետք է ընտրի, բա ի՞նչ անենք, բա ո՞նց անենք։ Սրան պետք է իմ կարծիքն այն է, որ այս գործելակերպին պետք է վերջ տալ։
Հիմա ես իմ ծննդավայր Իջևանի մասին եմ մտածում, ասենք ի՞նչ ենք արել մենք այդ գետերի հուների, ի՞նչ ենք կառուցել, ո՞նց ենք այլանդակել մեր սեփական ձեռքերով։ Ու նորմալ է, ոչ մեկս ոչ մի բան չենք ասելու։ Որովհետև ընտրություն կա, որովհետև կամ չգիտեմ ինչ կա, լավ է ճամփա են փակելու բան հանգիստ, սուս ու փուս եկեք ոչ մի բան չանենք։ Ու այդպես շարունակ։ Հետո մի օր այդ ամեն ինչը իր հետևանքը կբերի, մեր պետության առաջ կկանգնացնի, ու բոլորս ու չենք ֆիքսի ինչը ինչի հետևանք է և ինչը ինչի պատճառ է»,- իր խոսքն ամփոփեց Փաշինյանը: