Մորը սպանած տղամարդը տառապում է հոգեկան հիվանդությամբ․ մանրամասներ
Ներքին Շենգավիթում 72-ամյա կնոջ սպանության կասկածանքով ձերբակալվել է նրա որդին։ Այս մասին հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Նշվում է, որ հոկտեմբերի 27–ին ժամը 23:00-ին, Երևանի Ներքին Շենգավիթ 6-րդ փողոցի տներից մեկի բնակչից ահազանգ է ստացվել այն մասին, որ իր 72-ամյա կնոջը սպանել է որդին։ Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեն ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի (սպանություն) 2-րդ մասի 9-րդ կետով նախաձեռնել է քրեական վարույթ:
Դեպքի վայրի զննությամբ նշված տան հյուրասենյակում հայտնաբերվել է 72-ամյա կնոջ դին՝ դեմքի դիմային հատվածը ջնջխված վիճակում, ինչպես նաև՝ ներհրված հատվածի առկայությամբ մետաղական ձող՝ արնանման հետքերով։ Սպանություն կատարելու անմիջականորեն կասկածանքով ձերբակալվել է տուժողի 39-ամյա որդին, որը, ըստ ստացված տվյալների, 2005 թվականից տառապում է հոգեկան հիվանդությամբ։
Ստացվել են փորձանմուշներ, նշանակվել են դիակի դատաբժշկական, դատագենետիկական և դատահետքաբանական համալիր փորձաքննություններ, հարցաքննվել են մի շարք անձինք։
Զննությամբ ենթադրյալ հանցագործություն կատարած անձի աջ դաստակին առկա է եղել փքվածություն և այտուց, աջ ձեռքի բութ մատի վրա՝ կտրած-ծակած հետք, իսկ աջ աչքի ունքային շրջանում՝ քերծվածքների ձևով վնասվածքներ։
Նախաքննությունը շարունակվում է։