Նոր տեսակի կոռուպցիա է զարգանում

Վերջին շրջանում նոր տեսակի կոռուպցիա է զարգանում բրոկերական ընկերությունների կողմից։ Այս մասին գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։


Նրա խոսքով՝ այդ ընկերություններն առաջարկում են կազմակերպել շինթույլտվությունների հետ կապված գործերը՝ փաստացի խաբելով կառուցապատողներին։


«Ասում են՝ կարող ենք կազմակերպել՝ 90% հավանականությամբ, բայց կա 10% հավանականություն, որ գործը չի ստացվի։ Եթե Երևանի քաղաքապետարանը իր ստանդարտ պրոցեսով տալիս է շինթույլտվության դրական եզրակացություն, ապա ստացվում է, որ խնդիրը լուծել են, եթե չի տալիս, ասում են՝ դե չստացվեց, էն 10%-ն աշխատեց»,- մանրամասնեց Ավինյանը։


Քաղաքապետն իր խոսքն ուղղեց նաև կառուցապատողներին։


«Մի եղեք միամիտ, Երևանի քաղաքապետարանում նմանատիպ որոշումներ կայացնելու պրոցեսը բավականին դիվերսիֆիկացված է և փաստացի քաղաքաշինական ծրագրերի վերաբերյալ կարծիք են տալիս իրարից անկախ ճարտարապետներ, և ճարտարապետական խորհրդի կարծքի վրա են միայն տրվում ճարտարապետահատակագծային առաջադրանքներ և շինթույլտվություններ։ Հետևապես բրոկերական ծառայություններից խորհուրդ չեմ տալիս օգտվել, որովհետև դրանք փաստացի ապօրինի գործունեություն ծավալող ընկերություններ են: Նրանց հույսը ձեր միամտությունն է»,-նշեց Ավինյանը։

Քաղաքականություն