Իսկ ո՞վ պետք է պաշտոնից հեռացնի ՀՖՖ նախագահին

Ազգերի լիգայի խմբային փուլի 4-րդ տուրում Երևանում Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո ՀՖՖ-ն պաշտոնանկ արեց Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովին: Ինչ խոսք, վերջին անհաջող ելույթներում մեղքի իր բաժինն ուներ նաև ուկրաինացի մասնագետը, բայց...:


Խնդիրն իրականում շատ ավելի խորքային է: Տարիներ շարունակ հիմք ընդունելով ազգային հավաքականի անհաջող ելույթները, մենք որպես խնդրի լուծում տեսնում ենք գլխավոր մարզչի հեռացումը: Մարզչի հեռացումից և նոր մարզչի նշանակումից որոշ ժամանակ անց, սակայն, կրկին կանգնում ենք կոտրած տաշտակի առջև:


Ինչու, որովհետև խնդիրը լուծելու ուղղությամբ հստակ քայլեր անելու փոխարեն փնտրում ենք մեղավորների: Բացի ազգային թիմից, վերջին տարիներին ձախողվում են նաև մյուս բոլոր տարիքային հավաքականները և այս ամենի պատասխանատուն ՀՖՖ-ի ղեկավարությունն է: Գիտակցելով, որ Հյուսիսային Մակեդոնիայից կրած պարտությունից հետո երկրպագուների շրջանում բողոքի ալիք է բարձրանալու ՀՖՖ-ն և վերջինիս ղեկավար Արմեն Մելիքբեկյանը գնաց պարզ և խիստ կանխատեսելի լուծման: Քավության նոխազ դարձնելով Պետրակովին` ՀՖՖ-ն կրկին փորձում է ջրից չոր դուրս գալ:


Երեկվա խաղից հետո երկրպագուների Առաջին ճակատ շարժումը` ՖԱՖ-ը բողոքի ակցիա անցկացրեց ՀՖՖ-ի մոտ պահանջելով Մելիքբեկյանի հրաժարականը: Ստեղծված իրավիճակում սա թերևս միակ խելամիտ լուծում է:


Մելիքբեկյանը ձախողման մեջ մեղավոր տեսնելով Պետրակովին, պաշտոնանկ արենց նրան: Իսկ ով պետք է պաշտոնից հեռացնի ՀՖՖ-ի նախագահին: Պատասխանը պարզ է: Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է ֆուտբոլային հասարակության համախմբում հայկական ֆուտբոլում դրական փոփոխությունների հասնելու համար: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը բազմիցս է խոսել մինչև 2050 թվականի Եվրոպայի կամ աշխարհի առաջնությունում մեդալ նվաճելու նպատակի մասին: Եթե ՀՀ կառավարությունն իսկապես մտահոգված է հայկական ֆուտբոլի ճակատագրով ապա ևս պետք է մասնակիցը դառնա ՀՖՖ-ում արմատական փոփոխություններ կատարելու գործընթացին:


Քաղաքականություն