Մինչև 18 տարեկան ավելի քան 370 միլիոն աղջիկ ենթարկվել է սեռական բռնության. ՅՈՒՆԻՍԵՖ

Աշխարհում յուրաքանչյուր 8 աղջկանից 1-ը և 11 տղայից 1-ը ենթարկվել են սեռական բռնության։ Այս մասին, RTVI-ի փոխանցմամբ, նշվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի զեկույցում։


ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի զեկույցի համաձայն՝ մինչև 18 տարեկան ավելի քան 370 միլիոն աղջիկ ենթարկվել է սեռական բռնության։ Հաշվի առնելով բռնության «ոչ կոնտակտային» ձևերը, ներառյալ առցանց և բանավոր, այդ թիվը կարող է հասնել 650 միլիոնի, նշել են ՅՈՒՆԻՍԵՖ-ում: Փաստաթղթում նշվում է, որ 240-ից 310 միլիոն անչափահաս տղաներ նույնպես ենթարկվել են սեռական բռնության: 


ՅՈՒՆԻՍԵՖ-ն ընդգծել է, որ խնդրի մասշտաբը չի սահմանափակվում որևէ աշխարհագրական տարածքով, սակայն նշել է, որ բռնության զոհերի մեծ մասն ապրում է Աֆրիկայում Սահարայից հարավ՝ 79 միլիոնը կամ տարածաշրջանում ապրող աղջիկների 22%-ը։ Նրանց հաջորդում են Հարավարևելյան Ասիայի երկրները (75 միլիոն; 8%):


 Կենտրոնական և Հարավային Ասիայում տուժել է 73 միլիոն աղջիկ (9%); 68 միլիոն Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում (14%); 45 միլիոն Լատինական Ամերիկայում և Կարիբյան ավազանում (18%); 29 մլն Հյուսիսային Աֆրիկայում և Արևմտյան Ասիայում (15%) և 6 մլն Օվկիանիայում (34%), ասվում է զեկույցում։



Քաղաքականություն