Մեքենաները գրանցելու նոր օրինագիծ՝ արցախցիների համար
Արցախից բռնի տեղահանվածներն իրենց տրանսպորտային միջոցների համար սեփականության իրավունքի գրանցումը կարող են իրականացնել անխոչընդոտ, պարզեցված և արտոնյալ ընթացակարգով։ Որոշումն ընդունվել է ՀՀ կառավարության այսօրվա նիստի ժամանակ։
Տեղահանման արդյունքում Հայաստանի Հանրապետությունում են հայտնվել մասնավոր սեփականություն չհանդիսացող թեթև մարդատար ավտոմոբիլներ, որոնք, ունենալով փաստացի օգտագործողներ, դեռևս չեն հանդիսանում սեփականության իրավունքի օրինական օբյեկտ:
«Այդ պատճառով անհրաժեշտություն է առաջացել պարզեցված ընթացակարգով լուծել նշված տրանսպորտային միջոցների նկատմամբ սեփականության իրավունքի պետական գրանցման խնդիրը՝ շեշտադրում կատարելով ԼՂ–ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության առաջնահերթության վրա»,– նշվում է որոշման հիմնավորման մեջ:
Սեփականության իրավունքի պետական գրանցման ժամանակ շահառուներից չի պահանջվի փոխադրամիջոցի գույքահարկի պարտավորությունների ամբողջական կատարման մասին տեղեկանք։