Ո՞րքան անօրինական աշխատող է հայտնաբերվել Մոսկվայում

ՌԴ ներքին գործերի նախարարության աշխատակիցները հայտնաբերել են ավելի քան 160 օտարերկրացիների, որոնք անօրինական կերպով աշխատում էին Մոսկվայի մարզի Գրիվնո գյուղի պահեստում։ Բոլոր օրինախախտները տուգանվել են, որից հետո արտաքսվել Ռուսաստանից։


Այս մասին հայտնել է Ռուսաստանի ՆԳՆ Մոսկվայի մարզի գլխավոր վարչության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Տատյանա Պետրովան։


Նրա խոսքով՝ Գրիվնոյի պահեստում օրինախախտներին հայտնաբերել են «Անօրինական միգրանտ-2024» օպերատիվ-կանխարգելիչ գործողության շրջանակներում։


«Ռուսաստանի Դաշնության տարածքում ապօրինի աշխատանքային գործունեության համար 161 միգրանտի նկատմամբ կազմվել են վարչական արձանագրություններ…. Նրանցից 69 անօրինական միգրանտներ կացության ռեժիմի խախտմամբ երկրի տարածքում գտնվելու համար ենթարկվել են վարչական պատասխանատվության: Յուրաքանչյուր իրավախախտի նկատմամբ կիրառվել է տուգանք 5000 ռուբլու չափով՝ Ռուսաստանի սահմաններից հետագա արտաքսմամբ», - ասել է Պետրովան:


Ռեյդի ընթացքում ոստիկանները ստուգել են 250 օտարերկրացու։


Մամուլի ծառայության ղեկավարը հավելել է, որ ներկայում ձեռնարկվում են լրացուցիչ միջոցառումներ գործատուին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար: