Վերին Լարսում հսկայական կայանատեղի կկառուցվի

«Վերին Լարս» անցակետում կայանատեղի կկառուցվի բեռնատարների համար։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում հայտնել է Հյուսիսային Օսեթիա–Ալանիայի ղեկավար Սերգեյ Մենյայլոն։


Նրա խոսքով` այդ հարցը քննարկվել է Մոսկվայում ՌԴ փոխվարչապետ Վիտալի Սավելևի հետ հանդիպման ժամանակ։


«Այսօր հիմնական խնդիրներից մեկը «Վերին Լարս» անցակետի ենթակառուցվածքների ընդլայնումն է։ Կանխատեսվող հոսքի ավելացման պայմաններում անցակետ հասնելու ճանապարհին 700–տեղանոց կայանատեղի կկառուցվի բեռնատարների համար», – ասել է Մենյայլոն։


Վերին Լարսում պարբերաբար հսկայական հերթեր են գոյանում հատկապես արձակուրդների սեզոնին և ամռանը գյուղմթերքով բեռնված մեքենաների հոսքի պատճառով։ Ձմռանը երթևեկությունը դժվարանում է Մցխեթա–Ստեփանծմինդա–Լարս միջազգային մայրուղու Գուդաուրի–Կոբի ճանապարհահատվածում հնարավոր ձնահոսքի հետևանքով։ Ամեն օր «Վերին Լարս» անցակետով մոտ 150 հայկական բեռնատար է անցնում։


Այս անցակետը ներկայում միակ ցամաքային ուղին է, որը Հայաստանը կապում է Ռուսաստանի հետ։