Փաշինյանն անդրադարձել է Ալիևի հայտարարություններին, թե ՀՀ-ն զինվում է և ժամանակ է ձգում

Մեղադրանքները համարում եմ անարդար, քանի որ բազմիցս եմ ասել, որ ցանկացած պետություն ունի ուժեղ ու մարտունակ բանակ ունենալու իրավունք։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ղեկավարի այն հայտարարություններին, թե ՀՀ-ն զինվում է և ժամանակ է ձգում։


«Միջազգային իրավունքն ու ՄԱԿ-ի կանոնադրությունը զինված ուժեր ունենալու և ինքնապաշտպանվելու իրավունքը համարում է անօտարելի իրավունք․ այսինքն ցանկացած երկիր ինքն իրեն պաշտպանելու իրավունք ունի, և այս իրավունքը չի կարող վիճարկվել, քանի որ միջազգային իրավունքում հանրահայտ պարտավորություն կա պետությունների համար՝ իրենց քաղաքացիներին պաշտպանելու պարտավորությունը»,- ասաց նա։


Վարչապետի խոսքով՝ այն բարեփոխումները, որոնք տեղի են ունենում ՀՀ ԶՈւ-ում, ունեն միայն ու միայն այս նպատակը։


«Ընդդիմությունը մեզ քննադատել ու քննադատում է այն փաստի համար, որ ՀՀ ինքնիշխան տարածքներ՝ ավելի քան 200 քկմ, օկուպացված են, և ՀՀ կառավարությունը միջոցներ չի ձեռնարկում այդ օկուպացված տարածքները հետ բերելու համար։ Որպեսզի ամեն ինչ պարզ լինի, ուզում եմ ասել, որ այդ տարածքները՝ ՀՀ 29,743 քկմ տարածքը մեզ համար սակարկության ենթակա չէ, բայց մյուս կողմից մենք այսօր և վաղը ընդհանրապես խնդիր չենք դնում ռազմական ճանապարհով այդ տարածքների նկատմամբ մեր ինքնիշխանությունը վերականգնելու, քանի որ համարում ենք, որ այն պայմանավորվածությունները և սկզբունքները, որոնք որդեգրված են, հնարավորություն են տալիս, որ մենք մեր խնդիրները լուծենք խաղաղ բանակցային եղանակով, այդ թվում՝ սահմանազատման գործընթացով։ Ուրեմն, Հայաստանը որևիցե ագրեսիվ մտադրություն չունի»,- ասաց նա։


Անդրադառնալով Ֆրանսիայի կամ Հնդկաստանի հետ ռազմատեխնիկական համագործակցության համար Բաքվից ՀՀ-ի հասցեին հնչող մեղադրանքներին՝ վարչապետը նշեց, որ Ադրբեջանն իր հերթին զենք է ձեռք բերում Ֆրանսիայի հարևան Իտալիայից և Պակիստանից, ուստի ինչո՞ւ Հայաստանը չի կարող զենք ձեռք բերել այլ երկրներից։


«Ասում են, որ ԵՄ-ն ու Արևմուտքը զինում են Հայաստանին։ Ադրբեջանը զենք է ձեռք բերում Սլովակիայից, Սերբիայից, Բուլղարիայից։ ԵՄ առնվազն երեք անդամ երկիր ռազմատեխնիկական համագործակցություն ունի Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը ահռելի մեծ ծավալի զենք է ձեռք բերում Իսրայելից։ Մենք ամեն օր այդ տվյալների մասին չենք բարձրաձայնում, բայց դրանք գիտենք ու ստանում ենք հետախուզական ճանապարհով»,- ասաց նա։


Նրա խոսքով՝ կան փորձագիտական տեղեկանքներ, որոնցում նշված է, որ Ադրբեջանի մեղադրանքներն իրականում ծխածածկույթի նշանակություն ունեն Ադրբեջանի կողմից իրականացվող գործողությունների համար․ այդ կերպ նրանք փորձում են քողարկել իրենց իսկ տարածքային պահանջները ՀՀ-ի նկատմամբ և զենքի ձեռքբերումն այլ երկրներից։


«Որքանո՞վ է արդար ՀՀ-ին մեղադրել այն պայմաններում, երբ մենք անդադար սպառնալիքներ ենք լսում։ Բայց մենք այստեղ էլ չենք գնում կոնֆլիկտային ճանապարհով, ասում ենք՝ մտահոգությու ունե՞ք, մենք էլ ունենք։ Եկեք սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու կրճատման մեխանիզմներ ձևավորենք։ Այդ առաջարկը հնչել է հրապարակային և ուժի մեջ է»,- ասաց նա՝ հավելելով, որ էսկալացիան ՀՀ-ի քաղաքական կամքը չէ և ՀՀ-ն հետաքրքիված չէ էսկալացիայով։


Ինչ վերաբերում է Թուրքիայի ղեկավարի այն հայտարարությանը, թե Անկարան մասնակցություն է ունցել արցախյան վերջին պատերազմում, Փաշինյանն ասաց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում մեր զինծառայողներն ու հետախուզությունը բազմիցս տեսել են թուրք զինվորականներ, հատուկջակատայիններ, բարձրաստիճան զինվորականներ ու թուրքական դրոշներ։


«եկեք չմոռանանք, որ պատերազմին նախորդել են թուրք-ադրբեջանական զորավարժությունները, իսկ պատերազմի ամբողջ ընթացքում Թուրքիային պատկանող F-16 ինքնաթիռները և ԱԹՍ-ները եղել են օդում և սպասարկվել են թուրքական անձնակազմի կողմից»,- ասաց նա՝ միաժամանակ հավելելով, որ չի ուզում անդրադառնալ այդ դրվագներին՝ հատկապես հայ-թուրքական հարաբերություններում նկատվող շատ դանդաղ դինամիկայի ֆոնին։