
Հիսուսի արձանի կառուցման ընթացքում քննադատություններ են եղել՝ չեմ վիրավորվում․ Ծառուկյան

Հատիսի բարձունքում Հիսուս Քրիստոսի արձանի տեղադրման համար կամավորագրում է հայտարարվել, յուրաքանչյուր ցանկացող կարող է գալ, մասնակցել աշխատանքներին ու իր ներդրումն ունենալ արձանի կառուցման աշխատանքներում։ Քրիստոսի արձանի կառուցման տեղեկատվական գրասենյակի և կայքի շնորհանդեսի ժամանակ այս մասին ասել է Գագիկ Ծառուկյանը։
Նա նշել է, որ շատերն են նամակներ գրել, զանգահարել, դիմել՝ արձանի կառուցմանը որևէ կերպ մասնակցելու համար։
Արձանն արդեն պատրաստ է, այն 4 կտորից է բաղկացած։ Բուն քանդակը 33 մետր է, իսկ պատվանդանի հետ միասին լինելու է 101 մետր՝ այդպիսով դառնալով Հիսուս Քրիստոսի աշխարհի ամենաբարձր արձանը։
Ըստ Ծառուկյանի՝ թեպետ գործի քննադատություններ էլ են եղել, բայց ինքը քննադատողներից չի վիրավորվում։ Նա վստահ է՝ ժամանակը ցույց կտա, թե ինչքան լավ բան է արվում։
Թե երբ տեղի կունենա արձանի բացումը, դեռ հայտնի չէ։ Հիմա արդեն Հատիսի բարձունքում շինարարական աշխատանքներ են իրականացվում։ Տեղեկատվական գրասենյակում գրանցված մարդիկ սեպտեմբերի 26-ից կկարողանան բարձրանալ, հետևել ու մասնակցել աշխատանքներին։