
Թեհրանը ավելի լավ միջուկային օբյեկտ է կառուցելու․ Իրանի նախագահ

Թեհրանը Նաթանզից ավելի լավ միջուկային օբյեկտ կկառուցի։ Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը, փոխանցում է Tasnim լրատվական գործակալությունը։
«Արևմուտքը չի կարող կանգնեցնել Իրանին. նրանք հարձակվում են մեզ վրա Նաթանզում, բայց չգիտեն, որ նույն մարդիկ կառուցում են Նաթանզը և կկառուցեն ավելի լավը», - ընդգծել է նա՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի երեկվա որոշումը։
Հիշեցնենք, որ մեկ օր առաջ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը մերժել է բանաձևի նախագիծը, որը կխոչընդոտեր Իրանի դեմ 2015 թվականին չեղարկված պատժամիջոցների վերականգնումը։
Հավելենք՝ ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերը և նավատորմը ռմբակոծել են Իրանի բազմաթիվ միջուկային օբյեկտներ, այդ թվում՝ Ֆորդոյի ուրանի հարստացման օբյեկտը, Նաթանզի միջուկային օբյեկտը և Սպահանի այլ վայրեր։