
Հայ–թուրքական սահմանի բացումը կնվազեցնի որոշ ճյուղերի մրցունակությունը. Պապոյան

Հայ-թուրքական սահմանի բացման արդյունքում Հայաստանի տնտեսությունն ընդհանուր առմամբ կշահի, սակայն որոշ ճյուղերի հետ կապված մրցունակության խնդիր կառաջանա։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 7-րդ համաժողովից հետո լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասալ է էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ Նա հավելել է, որ ՀՀ տնտեսության ներուժն ընդլայնվելու է։
«Որոշակի ճյուղերի հետ կապված կարող է մրցունակության խնդիր առաջանալ, սակայն կառավարությունը լուծումներ ունի։ Առաջինը՝ կառավարությունն աջակցող միջոցառումներ կձեռնարկի, մի կողմից՝ կարճաժամկետ՝ նրանց մրցունակությունն ապահովելու համար, մյուս կողմից՝ երկարաժամկետում վերափոխման համար։ Եթե X գործով զբաղվելն այս պահին շահեկան է, մյուս պարագայում Y-ն է ձեռք տալիս, ապա պետք է տեղափոխվել Y-ի, հատկապես, եթե Y-ն ավելի շահեկան է։ Այսինքն՝ պետք է լինի տրանսֆորմացիա, ինչը բոլորի համար չէ, որ հեշտ կարող է լինել, որովհետև պետք են տեխնոլոգիաներ, գիտելիքներ և այլն»,– ասել է Պապոյանը։
Անդրադառնալով Թուրքիայի հետ սահմանի բացմանը, ասել է, որ տնտեսական մի շարք առավելություններ կտա, օրինակ` Հայաստանում չարտադրվող և ներկրվող ապրանքների գները կնվազեն։
«Հայաստանի ամենամեծ օգուտը լինելու է Թուրքիայի` Միջերկրական ծովի նավահանգիստներին հասանելիություն ունենալը»,– ասել է Գևորգ Պապոյանը։