«Առևանգում չի եղել. 650 000 դոլարը ոչ թե փրկագին է եղել, այլ «գցած» գումար, որը ՌԴ քաղաքացին վերցրել է՝ այլ երկիր փոխանցելու համար, սակայն չի փոխանցել». «Հրապարակ»
«Ինչպես հայտնի է, հուլիսի 22-ին երեւանյան մի ռեստորանից առեւանգել էին ՌԴ քաղաքացուն, տարել Ծաղկաձոր եւ հարազատներից պահանջել 650 հազար ԱՄՆ դոլար` որպես փրկագին։
Մեզ հայտնի դարձան որոշ մանրամասներ։ Իրականում 650 հազար դոլարը ոչ թե փրկագին է եղել, այլ «գցած» գումար, որը ՌԴ քաղաքացին վերցրել է՝ այլ երկիր փոխանցելու համար, սակայն չի փոխանցել։ Աղբյուրը վստահեցնում է, որ իրականում առեւանգում չի եղել։ Մենք դիմեցինք Քննչական կոմիտե` արդյո՞ք ձերբակալվածներին բաց են թողել եւ վարույթը կարճել են։ Կոմիտեի խոսնակ Գոռ Աբրահամյանը պատասխանեց․ «2 անձ ձերբակալված էր, սակայն արգելանքի տակ պահելու անհրաժեշտության վերացման հիմքով նրանք ազատ են արձակվել։ Այս պահի դրությամբ անձին առեւանգելու, զենքով սպառնալու վերաբերյալ տվյալներ ձեռք չեն բերվել, ավելին՝ այդպիսիք հերքող տվյալներ են ստացվել»։ Այս մասին գրում է «Հրապարակ» օրաթերթը: