Հայաստանն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն․ Ղազարյան
ՀՀ ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության ծառայության ստեղծման 33-րդ տարեդարձի առթիվ:
«Աղետների ռիսկի կառավարման ոլորտում ՆԳ նախարարությունը կարևորում է սեյսմիկ պաշտպանությունը: Ծառայության արդիականացման ուղղությամբ ակտիվ աշխատանքներ են իրականացվում՝ համագործակցելով նաև միջազգային գործընկերների հետ։
Սեյսմիկ պաշտպանության ծառայության համակարգի աշխատակիցներն արել ու շարունակում են անել ամեն ինչ, որպեսզի ապահովվի սեյսմիկ անվտանգությունը, և ուժեղ երկրաշարժը չվերածվի համազգային աղետի, ինչպես եղավ 1988-ի դեկտեմբերին: Հենց Սպիտակի աղետալի երկրաշարժի դասերը հաշվի առնելով՝ 1991 թ. հուլիսի 17-ին ստեղծվեց միասնական պետական կառույց, որի գործունեության գլխավոր նպատակն էր պետության և բնակչության սեյսմիկ ռիսկի նվազեցումը, սեյսմիկ անվտանգության ապահովումը:
Այդ նպատակն արդիական է նաև այսօր։
Հայաստանի Հանրապետությունն ունի բարձր սեյսմիկ խոցելիություն, ուստի անգնահատելի է Ծառայության դերը սեյսմիկ ռիսկի նվազեցման, ուժեղ երկրաշարժերի ազդեցության գնահատման, երկրաշարժերից պաշտպանվելու վարքականոնները բնակչությանն ուսուցանելու, երկրաշարժից տուժածների որոնումն ու փրկարարական աշխատանքները համակարգելու գործում:
Հարգելի՛ գործընկերներ, շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա նվիրյալ աշխատանքի համար և կրկին շնորհավորում մասնագիտական օրվա կապակցությամբ»,- ասված է ուղերձում: