ՀՀ–ում սափրել են քաղաքացու գլուխը, ստիպել մերկանալ. նոր մանրամասներ

Երևանում 1000 դոլարի համար երկու անձինք քաղաքացուն առևանգել են, սափրել գլուխը, ծեծել, ստիպել մերկանալ և այդ ամենը տեսագրել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։


Մայիսի 24-ին քաղաքացին հաղորդում է տվել, որ իր երկու ծանոթները գումարային պարտքի շուրջ ծագած վիճաբանությունից հետո իր կամքին հակառակ իրեն պահել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկում և ծեծի ենթարկել։


Հարուցված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ դեպքից օրեր առաջ տուժողը վարձակալությամբ վերցված ավտոմեքենայով վթարի է ենթարկվել և չի կարողացել փոխհատուցել պատճառված 1000 դոլար վնասը, ինչի շուրջ վիճաբանություն է ունեցել ավտոմեքենայի սեփականատիրոջ հետ:


Վիճաբանությանը միջամտել են տուժողի ծանոթները` Երևանի երկու բնակիչներ, որոնք ավտոմեքենայի սեփականատիրոջը հավաստիացրել են, որ գումարը կփոխանցվի։


Նրանք տուժողին ստիպել են գումարը մարելու համար հափշտակություն կատարել, սակայն նա չի կատարել և դիմել է փախուստի։


«Նույն օրը նշված անձինք այցելել են տուժողի բնակության հասցե, նրան խաբեությամբ տեղափոխել են Երևան քաղաքի Տիտոգրադյան փողոցի բնակարաններից մեկը, որտեղ նախ ծեծի են ենթարկել նրան, ապա սափրել են գլուխը և ստիպել մերկանալ ու մտնել զուգարան, կատարել արժանապատվությունը նվաստացնող գործողություններ, ինչն ամբողջությամբ տեսաձայնագրել են բջջային հեռախոսով։ Այդ ամենից հետո հարազատների միջոցով գումարը փոխանցվել է տղամարդուն առևանգած հիշյալ անձանց, և նրան բաց են թողել»,– հայտնում է ՔԿ–ն։


Հունիսի 28-ին նշված անձինք ձերբակալվել և ներկայացվել են վարույթ իրականացնող մարմնին:


Քրեական վարույթի ընթացքում կատարվել է դեպքի վայրի զննություն, որի ընթացքում ձերբակալված անձանցից մեկը ներկայացրել է դեպքի մանրամասները, նրա հեռախոսի զննությամբ հայտնաբերվել են դեպքին առնչվող տեսաձայնագրությունները։


Վերոհիշյալ երկու անձանց նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 192-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ազատությունից ապօրինի զրկելը) և 196-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետով (մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելը) հանրային քրեական հետապնդում է հարուցվել։ Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել է կալանքը։