ՀՀ ԱԺ նախագահը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը

Հայաստանի Հանրապետության ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Երևանի քաղաքապետին առաջարկել է մայրաքաղաքում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը: Այս մասին Ալեն Սիմոնյանը գրել է Տելեգրամի իր ալիքում:


«Այսօր հայ կինոյի եւ թատրոնի ամենաականավոր ներկայացուցիչներից մեկի՝ Մհեր Մկրտչյանի ծննդյան 94-ամյա հոբելյանն է։ Ինձ համար շատ զարմանալի է, որ մինչև օրս Հայաստանի մայրաքաղաքում առկա չէ համաժողովրդական սեր ու հարգանք վայելող արտիստի հուշարձանը։


Ուստի դիմել եմ Երևանի քաղաքապետին և առաջարկել Երևանում կանգնեցնել Մհեր Մկրտչյանի հուշարձանը՝ հայտնելով նաև իմ պատրաստակամությունն արձանի տեղադրման հետ կապված ծախսերը համաֆինանսավորելու հարցում։ Շնորհակալություն եմ հայտնում նաև Երևանի քաղաքապետին՝ այս նախաձեռնության վերաբերյալ ունեցած դրական արձագանքի համար»,- գրել է ԱԺ նախագահը՝ հույս հայտնելով, որ մոտ ապագայում Երևանի ավագանին կքննարկի և դրական որոշում կկայացնի այդ առաջարկի վերաբերյալ, ինչի արդյունքում մայրաքաղաքը կունենա մեծ հային նվիրված հուշարձանը: