Երկու կին մեղադրել են Նիլ Գեյմանին սեռական բռնության մեջ

Նոր Զելանդիայի երկու բնակչուհի մեղադրել են բրիտանացի գրող Նիլ Գեյմանին՝ «Ամերիկյան աստվածներ» (2001) եւ «Աստղափոշի» (1998) վեպերի հեղինակին, սեռական բռնության մեջ։ Տեղի ոստիկանությունը հետաքննություն է իրականացնում, տեղեկացրել է Tortoise Media պորտալը։


Տուժածներից մեկին՝ 21-ամյա աղջկան, գրողը, որն այդ պահին 62 տարեկան էր, վարձել է որպես դայակ իր երեխայի համար։ Աղջկա պնդմամբ՝ Գեյմանը բռնաբարել է իրեն «ծանոթության առաջին մի քանի ժամերին»։ Նա նշել է, որ հետագայում գրողի հետ «հարաբերություններ է ունեցել սեփական համաձայնությամբ», սակայն ավելացրել է, որ հետագայում Գեյմանն իբր իր հանդեպ «կոշտ եւ արժանապատվությունը նսեմացնող սեռական բնույթի գործողություններ է կատարել»։ Մյուս հայցատուն պնդում է, որ գրողի հետ ռոմանտիկ հարաբերությունների մեջ է մտել 2005թ. եւ ենթարկվել է նման վերաբերմունքի, ընդ որում՝ որոշ դեպքերում կինը համաձայնել է ինտիմի։


Ինքը՝ Գեյմանը, պորտալին հայտնել է, որ ոչ մի գործողություն չի կատարել, որոնց իր զուգընկերուհիները նախնական համաձայնություն չեն տվել։ Նա նաեւ հավաստիացրել է, որ իր վարքագծում «ոչ մի անօրինական բան չի եղել»։ Նոր Զելանդիայի իրավապահ մարմիններում Tortoise Media-ին հաստատել են նշված միջադեպերի հետաքննության փաստը։


Նիլ Գեյմանը (ծնվել է 1960թ.) բրիտանացի գրող է ֆենթեզի, կոմիքսների եւ մանկական ժանրերում։ Հյուգոյի եւ Նեբյուլի մրցանակակիր է գիտական ֆանտաստիկայի ժանրում ունեցած գործերի համար, ստացել է Նյուբերի մեդալ, որը շնորհվում է «ամերիկյան մանկական գրականությունում ունեցած մեծ ավանդի համար»։ Նրա ստեղծագործությունները բազմիցս էկրանավորվել են։