Արցախցիներն իրենց հարցերի պատասխանները այսուհետ կարող են ստանալ նաև 114 տեղեկատուով
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հաղորդում է․
«ԼՂ հարգելի՛ հայրենակիցներ,
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը Տելեգրամ հարթակում այսօրվանից գործարկում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի հետ համատեղ մշակված «114 տեղեկատուն» (հղումը՝ https://t.me/mlsa114_bot)։
Այն հնարավորություն կտա ինքնաշխատ եղանակով արագ և հասցեական հաղորդակցություն ապահովել ԼՂ հայրենակիցների հետ՝ տրամադրելով իրենց հուզող հարցերի պատասխանները․ ըստ անհրաժեշտության՝ քաղաքացիները կկարողանան կապ հաստատել նաև մասնագետների հետ։
ԼՂ հայրենակիցները Տելեգրամում կարող են փնտրել 114 տեղեկատու (ԼՂ), ապա ընտրել հետաքրքրող ոլորտները և հետևելով քայլերին՝ ստանալ անհրաժեշտ տեղեկատվություն՝
բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի
40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի,
զբաղվածության ապահովման պետական աջակցության ծրագրի,
կենսաթոշակների և այլնի վերաբերյալ։
114 տեղեկատուն առաջիկայում հասանելի կլինի նաև Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մյուս պաշտոնական հարթակներում ևս։
Հարթակը գործարկվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և ՅՈՒՆԻՍԵՖ-ի աջակցությամբ՝ «Ձեռնարկությունների Ինկուբատոր» հիմնադրամի (EIF) «Գյումրու տեխնոլոգիական կենտրոնի» (GTC) կողմից»։