Թուրքիան բարձրացրել է Բոսֆորով եւ Դարդանելով առեւտրանավերի տարանցման տուրքը
Բոսֆոր եւ Դարդանել նեղուցներով օտարերկրյա առեւտրային նավերի տարանցման տուրքը հուլիսի 1-ից բարձրացվել է մինչեւ 5,07 դոլարի, այսպես կոչված զուտ տոննաժի (տոննա նետտո) դիմաց, այն դեպքում, երբ մեկ տարի առաջ մտցված տուրքը կազմում էր 4,42 դոլար։ Համապատասխան որոշումն ընդունել է Թուրքիայի տրանսպորտի նախարարությունը։
Փաստաթղթում նշվել է, որ սակագների բարձրացումը պլանային է։
Տրանսպորտի նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն ավելի վաղ տեղեկացրել էր, որ տուրքի վերանայումն իրականացվում է Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանի 2022թ. հոկտեմբերի 7-ի հրամանագրով։
1963թ. ստորագրված եւ նավագնացությունը Բոսֆորի եւ Դարդանելի նեղուցներում կանոնակարգող Մոնթրյոյի կոնվենցիայի համաձայն՝ դրանցով առեւտրանավերի տարանցման համար գանձվում է տուրք բժշկական ստուգման, փարոսի եւ նավերի տարհանման ծառայությունների համար։ Տուրքերը 1983 թվականից հաշվարկվել են ոսկե ֆրանկի հիման վրա եւ կազմել 0,80 դոլար նավի զուտ տոննաժի համար։ 2022թ. հոկտեմբերին այդ կարգը փոխվել է, իսկ սակագինն ավելացել է մինչեւ 4,08 դոլար։
Թուրքիայի իշխանություններն ավելի վաղ տեղեկացրել էին, որ տուրքի բարձրացումը օտարերկրյա նավերի տարանցման նպատակով նեղուցների օգտագործման համար գանձարան է բերում տարեկան 900 մլն դոլար։