ՏԵՍԱՆՅՈՒԹ. Falcon 9-ի չինական անալոգը պոկվել է փորձարկման վայրից և վայրկյաններ անց պայթել. մանրամասներ

Չինական Space Pioneer մասնավոր ընկերության Tianlong-3 հրթիռ–կրիչի ստենդային փորձարկումը, որը անցկացվել է այսօր՝ հունիսի 30-ին, ավարտվել է վթարով: Այս մասին փոխանցում է Reuters գործակալությունը՝ հղում տալով չինական  WeChat սոցիալական ցանցում աերոտիեզերական ընկերության էջում արված հաղորդագրությանը:


Թափքի և փորձարկման ստենդի միջև կապի «կառուցվածքային խափանման» և շարժիչների չափազանց մեծ մղման պատճառով (յուրաքանչյուրը 110 տոննա) հրթիռը պոկվել է փորձարկման վայրից և թռչել։


Space Pioneer–ը պարզաբանել է, որ թռիչքից մոտ 50 վայրկյան հետո համակարգչային սարքավորումներն անջատվել են, և հրթիռը կործանվել է փորձարկման վայրից մոտ 1.5 կմ հեռավորության վրա, գտնվող լեռնոտ տեղանքում՝ կենտրոնական Հենան նահանգի 800,000 բնակչությամբ քաղաքից դուրս:


Վառելիքի մեծ ծավալի պատճառով տեղի է ունեցել պայթյուն, սակայն հնարավոր տուժածների մասին տեղեկատվություն չի ստացվել, հայտնել են ընկերությունից: Տեղի իշխանությունների հաղորդմամբ՝ հրթիռի կործանման վայրում սկսվել է նաև տեղային հրդեհ, որը հաջողվել է արագ մարել: