Այն, ինչ մերն է, մերը կմնա, իսկ այն, ինչ իրենցն է, կմնա իրենցը․ Անդրանիկ Քոչարյան

Հայաստանը ձեռք է բերել շատ բաներ, որոնց մասին չի կարելի խոսել։ Այս մասին NEWS.am -ի թղթակցի հետ զրույցում ասել է Պաշտպանության և անվտանգության հարցերով խորհրդարանական հանձնաժողովի նախագահ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը։


«Պատերազմից հետո իրականացվող բարեփոխումները, ձեռք բերվող զենքերը, այդ թվում՝ Caesar-ը…»,- նշել է նա։


Արձագանքելով «Գոյատևման արվեստ» կառույցի ղեկավար Վովա Վարտանովի քննադատությանը, պատգամավորը վստահեցրել է, որ պաշտպանության և՛ երկրորդ, և՛ երրորդ գիծը կառուցվում է. «Պարտադիր չէ, որ ամեն մեկն իմանա այս մասին և իր ճաշակով ինչ-որ ամրություններ կառուցի, փող հավաքի, հողաշեն բլուրներ կանգնեցնի ու ասի, որ ինքը ոչ մեկին հաշվետու չէ։ Պետք չէ նսեմացնել այն մարդկանց աշխատանքը, ովքեր այսօր հզորացնում են բանակը»,- ​​ընդգծել է Քոչարյանը։


Պատգամավորն ասել է, որ ռազմական բուհեր դիմորդների թիվը զգալիորեն աճել է, քանի որ պետությունը նրանց մեծ սոցիալական փաթեթ է առաջարկել։


Նա ասել է, որ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հանրաքվեի անցկացում-չանցկացումը կախված է ժողովրդի ցանկությունից. «Եթե ժողովուրդը նման ցանկություն ունենա, բնականաբար, առաջիկայում կլինի հանրաքվե, իսկ եթե ժողովրդի ցանկություններն այդ ուղղությամբ դեռ ձեւավորված չէ, բնականաբար, մենք կշարունակենք դիվերսիֆիկացված, հավասարակշռված քաղաքականությունը, որպեսզի կարողանանք պահպանել փխրուն խաղաղությունը և փորձենք զարգացնել այն։ Մենք ինքներս ենք կերտում մեր ապագան, իսկ դա պահանջում է ներքին համերաշխություն, այդ որոշումները պետք է հիմնված լինի ներքին համերաշխության, մեր ինքնիշխան իրավունքների ամուր պահելու վրա»,- պարզաբանել է հանձնաժողովի նախագահը։


Նրա խոսքով, թե՛ Ադրբեջանում, թե՛ Հայաստանում կա վրեժխնդրության զգացում, քանի որ 30 տարվա թշնամությունն այնքան էլ հեշտությամբ չի մոռացվում։


«Ինչ է անհրաժեշտ այս զգացումը հաղթահարելու համար: Որքա՞ն ժամանակ է պահանջվում մեզ խաղաղ մթնոլորտ ստեղծելու համար։ Խաղաղությանը հեշտ չէ հասնել: Այո, Ալիևը կարող է վրեժխնդրության զգացում ունենալ, բայց մեր խնդիրն է քայլ առ քայլ մեղմել այդ զգացումը և հասնել ընդունելի լուծումների, որոնց շրջանակներում պետք է կարևոր լինի վստահության մթնոլորտի ձևավորումը։ Այն, թե որտեղ է մեր եւ իրենց բաժանարար գիծը, պետք է գտնեն սահմանազատման հանձնաժողովները։


Մենք ոչինչ չենք զիջել: Երբ ծագի նման զիջման խնդիր, այն ժամանակ կառաջանա ժողովրդի հետ երկխոսության խնդիր: Այն, ինչ մերն է, մերը կմնա, իսկ այն, ինչ իրենցն է, կմնա իրենցը։ Իսկ վիճելի հարցերի ժամանակ ուժի մեջ են մտնելու միջազգային իրավունքի պահանջները»,- ընդգծել է Անդրանիկ Քոչարյանը։


Նա կարծում է, որ միջադեպերի հետաքննության մեխանիզմներ ստեղծելու Հայաստանի առաջարկը շատ լավն է եւ դրանից չի կարելի հրաժարվել. «Ինչո՞ւ Ադրբեջանը պետք է չհամաձայնի նման մեխանիզմներ ստեղծելու առաջարկին։ Ամբողջ աշխարհը ողջունում է սահմանազատումը, և անհրաժեշտ է ապահովել, որ Ադրբեջանը ընդունի այդ առաջարկը։ Բանակցային գործընթացում Ադրբեջանը միշտ մերժում էր որոշակի առաջարկներ, քանի որ ժամանակն աշխատում էր իրենց օգտին։ Մենք կորցրել ենք ժամանակի զգացումը և այժմ բախվել ենք հետպատերազմյան իրողություններին։ Հայաստանը պետք է ունենա բարձր պաշտպանունակություն»,- եզրափակել է պատգամավորը։

Քաղաքականություն