Բայդենն ու Թրամփը տարակարծիք են Ուկրաինայի հարցում
ԱՄՆ նախագահի թեկնածուներ Ջո Բայդենը և Դոնալդ Թրամփը այս հինգշաբթի բանավիճելու են ուղիղ եթերում։ Սպասվում է, որ Ուկրաինայի հարցը օրակարգի գլխավոր թեմաներից է լինելու, գրում է Ամերիկայի Ձայնը։
Չնայած Ջո Բայդենն ու Դոնալդ Թրամփը համաձայն են, որ անհրաժեշտ է հնավորինս շուտ հասնել Ուկրաինայում պատերազմի դադարեցմանը, սակայն դիտորդները ուշադրություն են հրավիրում՝ Թրամփը պակաս հստակ է արտահայտվում, թե ինչպես պետք է մոտենալ այդ նպատակին, ինչ քաղաքականություն պետք է վարել Ռուսաստանի և Ուկրաինայի նկատմամբ:
«Նա՝ (Թրամփը) միայն կողմ է որոշակի բանակցություններին և բանակցություններ սկսելու անհրաժեշտությանը։ Ասել է, որ կարող է ներգրավվել Պուտինի և Զելենսկու միջև բանակցություններում, բայց չի հստակեցրել, թե ինչ տեսք պետք է ունենա խաղաղության համաձայնագրի նախագիծը»,- ասում է քաղաքագիտության դոցենտ Սերգեյ Կուդելիան։
Ուկրաինային օգնություն տրամադրելու առումով Դոնալդ Թրամփի դիրքորոշումն է, թե Կիևին պետք է տրամադրվեն վարկեր, ոչ թե դրամաշնորհներ:
«Մտածում ենք՝ նվերի փոխարեն վարկեր տալ։ Շարունակում ենք միլիարդավոր դոլարների նվերներ բաժանել»,- ասել է ԱՄՆ նախկին նախագահը:
Թրամփը համոզված է, որ Եվրոպան պետք է ավելի վճարի՝ Ուկրաինային օգնելու համար, իսկ վերընտրվելու դեպքում Դոնալդ Թրամփը չի ցանկանա, որ ուկրաինական պատերազմում պարտված կողմ լինի՝ ասում է Ուկրաինայում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Հերբստը։
«Գիտենք, որ Թրամփն իրեն ուժեղ մարդ է համարում և չի ցանկանում իրեն կապել արտաքին քաղաքականության մեջ ձախողման հետ: Իսկ Ռուսաստանի հաղթանակն Ուկրաինայում, եթե Թրամփը նախագահ լինի, նման կլինի արտաքին քաղաքական ձախողման»,- ասում է դիվանագետը:
Գաղտնիք չէ, որ ԱՄՆ հանրապետական կուսակցությունում տարբեր կարծիքներ կան Ուկրաինայի հարցում։ Ոմանք պատերազմը դիտարկում են ԱՄՆ անվտանգության հիմնական սպառնալիք։ Մյուսների խոսքով՝ այն թանկարժեք գործ է: Հայտնում է «Ամերիկայի Ձայնը»:
«Բազմաթիվ հանրապետականների աչքում Ռուսաստանը անկում ապրող տերություն է։ Հետևաբար, ռուս-ուկրաինական պատերազմը, նրանց տեսանկյունից, հակամարտություն է, որը պետք է հնարավորինս արագ կարգավորվել, որպեսզի այն չսպառի Միացյալ Նահանգների ռեսուրսները»,- ասում է Սերգեյ Կուդելիան։
Ինչպես հայտնի է, Բայդենի վարչակազմը Կիևին արդեն իսկ հատկացրել է 175 միլիարդ դոլարի օգնություն, և այդ ծավալով՝ Ուկրաինային աջակցող երկրների շարքում ԱՄՆ-ն առաջինն է։
Սպիտակ տան ներկայիս ղեկավարի խոսքով, Ամերիկան կկանգնի ագրեսիայի դեմ այնքան ժամանակ, որքան կպահանջվի․ «Եթե Միացյալ Նահանգները հեռանա, ապա կվտանգի Ուկրաինան: Եվրոպան վտանգի առջև է: Ազատ աշխարհը կհայտնվի վտանգի առջև, և կքաջալերի ուրիշներին՝ անել այն, ինչ ցանկանում են»։
Բայդենը մասամբ չեղարկել է այն սահմանափակումները, որոնք արգելում էին ուկրաինական ուժերին թիրախավորել Ռուսաստանի տարածքը։
«Այնպես չէ, որ արտաքին քաղաքական հարցերում որոշումները կայացվում են՝ հիմքում ունենալով ընտրությունների գործոնը, թեև կան սահմանափակումներ։ Բայց իրավիճակը տարբեր կլինի երկրորդ ժամկետում, երբ Բայդենն այլևս չի կարող վերընտրվել 2028 թվականին։ Նա մի փոքր ավելի ազատ կլինի»,- ասում է Ամերիկայի կաթոլիկ համալսարանի պրոֆեսոր Մայքլ Քիմաժը:
ԱՄՆ նախագահի թեկնածուների տարաձայնությունները Ուկրաինայի հարցում կապ ունեն Ռուսաստանի նկատմամբ նրանց մոտեցումների հետ։ Ակնհայտորեն Թրամփը ձգտում է բարելավել հարաբերությունները Մոսկվայի հետ, իսկ Բայդենը շարունակում է մեկուսացնել Ռուսաստանը: