Ոստիկանությունը հասանելիություն կունենա տնտեսվարողների տեսախցիկներին․ նախագիծն ընդունվեց
ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը, համաձայն որի, իրավապահները 24/7 ռեժիմով հասանելիություն կունենան մի շարք տնտեսվարողների տեսահսկման համակարգերին։ Նախագծով առաջարկվում է մի շարք կազմակերպությունների և տնտեսվարողների համար սահմանել պարտականություն՝ շինության մուտքը և բոլոր կողմերը դրսից ապահովելու տեսահսկման համակարգերով։ Բացի այդ, շտապօգնության մեքենաների և ուղևորափոխադրում իրականացնող ավտոբուսների ու միկրոավտոբուսների ուղևորասրահները ևս տեսահսկման համակարգերով ապահովել:
Նախատեսվում է, որ ոստիկանությունն անհրաժեշտության դեպքում իրավունք կունենա պահանջել և ստանալ տեսահսկման համակարգերի տեսագրությունները, ինչպես նաև ունենալ հասանելիություն այդ համակարգերին ամենօրյա 24-ժամյա իրական ժամանակի ռեժիմով:
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը դեմ արտահայտվեց նախագծին՝ նշելով, որ արդարադատության նախարարության «Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը» բացասական կարծիք է տվել. «Այս օրենքը ընդունվելուց հետո մեր հայրենակիցները 24-ժամյա ռեժիմով, ուղիղ ռեժիմով գտնվելու են ոստիկանության հսկողության տակ․ մտան լոմբարդ, խանութ, դեղատուն և այլն»,- ասել է նա։