ՀՀ–ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի
ՀՀ–ում շրջանառության հարկի դրույքաչափը կրկնակի կբարձրացվի, և կկրճատվի ԱԱՀ–ի, շահութահարկի հետ համեմատ հարկային բեռի տարբերությունը։ ՀՀ ԱԺ–ն երկրորդ ընթերցմամբ և վերջնական ընդունեց «Հարկային օրենսգրքում» և կից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին նախագիծը։
Նշենք, որ փոփոխությունների արդյունքում առևտրի սուբյեկտների համար հարկը սահմանվում է 10 տոկոս, արտադրության դեպքում` 7 տոկոս, հանրային սննդի դեպքում` 12 տոկոս։
Միկրոձեռնարկատիրության որոշ տեսակներ դուրս կբերվեն շրջանառության հարկի այս համակարգից` դրանով այն դարձնելով ավելի հասցեական։ Դրանք են նոտարական, փաստաբանական, վիճակախաղերի կազմակերպման ծառայությունները։
Ինչ վերաբերում է միկրոձեռնարկատիրությանը, ապա այս ցանկից դուրս կբերվեն մարզերում առևտրային գործունեությունը, վարսավիրական, մարմնի խնամքի, սաունաների, շոգեբաղնիքների գործունեությունը, ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման և վերանորոգման ծառայությունները, միջնորդական գործունեությունը` անշարժ գույքի վարձակալություն և վաճառք, ծրագրային ապահովման մշակման գործունեությունը և այլն։
«Առաջինից երկրորդ ընթերցման քննարկումների միջև ընկած ժամանակահատվածում որոշակի փոփոխություններ են եղել, որոնցից մեկով առաջարկվում է մարզերում կազմակերպվող հանրային սննդի գործունեության մասով շրջանառության հարկի բեռի վերանայումը 1 տարի ավելի ուշ սկսել` 2025 թվականի հունվարի 1–ի փոխարեն 2026 թվականի հունվարի 1–ին։ Սա հիմնավորվում է այն տրամաբանությամբ, որ մարզերում այս գործունեության տեսակն ավելի ընդգծված սեզոնայնություն ունի, և երկրորդ` ձեռքբերումները փաստաթղթերով հիմնավորելու հնարավորությունն էլ ավելի սահմանափակ են, որովհետև հիմնականում տնային տնտեսություններից են կատարվում»,–ասաց ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը։
Նրա խոսքով` մեկ այլ փոփոխություն վերաբերում է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ոլորտին, մասնավորապես` տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին, որոնց համար կշարունակվի կիրառվել 5 տոկոս դրույքաչափը։
Նշենք, որ շրջանառության հարկի շեմը հիմա տարեկան մինչև 120 մլն դրամն է, իսկ միկրոբիզնեսի դեպքում` տարեկան մինչև 24 մլն դրամ։
Ավելի վաղ ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հայտարարել էր, որ 2022 թ. տվյալներով` կա շուրջ 56 հազար շրջհարկ վճարող, որոնք 2023 թ. վճարել են ՀՀ ընդհանուր հարկերի ընդամենը 2.3 տոկոսը, ինչը բավականին ցածր ցուցանիշ է։