Վիգեն Էուլջեքչյանը Բաքվի բանտում կյանքին վերջ տալու մասին է խոսել․ նրա կինը հեռախոսազրույց է ներկայացրել
4 տարի Բաքվի բանտում գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանը ինքնասպանության մասին է մտածում։ Այս մասին «Հայլուրի» հետ զրույցում ասել է Վիգենի կինը` Լինդա Էուլջեքչյանը` ներկայացնելով կես ամիս առաջ ամուսնու հետ ունեցած հեռախոսազրույցը։
«Մենք նրա կարիքն ունենք, օրական հազար անգամ մեռնում ու հարություն ենք առնում։ Մեր վերջին հեռախոսազրույցում Վիգենը հարցրեց՝ ի՞նչ է կատարվում դրսում, ճիշտն ասա, Հայաստանը մեզնից հրաժարվե՞լ է, որովհետև այստեղ հեռուստացույցով ասում են, որ հրաժարվել է, ու գոռում էր հեռախոսի մեջ: Ես ասացի, որ Հայաստանը պահանջում է քեզ վերադարձնել , այնպես չէ, որ հրաժարվել է, թող չխաբեն»,–պատմում է կինը։
Լինդան չգիտի՝ ամուսինն արդյոք լսել է իր բառերը, կապն ընդհատվել է, բայց կինը վստահ է, որ ամուսնու վիճակը շատ վատ է, որովհետև Կարմիր Խաչը հաջորդ օրն այցելել է նրան, ապա Լինդային հայտնել են, որ ամուսինը հավանաբար նյարդային պոռթկում է ունեցել։
«Կարմիր խաչից ինձ ասացին, որ Վիգենի հետ կապը չի ստացվում, չի ուզում հանդիպել, վիճակը լավ չէ։ Վերջին անգամ, որ խոսեցի հետը, շատ անհանգիստ էր, ասում էր՝ էլ չեմ դիմանում, հոգնել եմ, ուզում եմ ինքնասպան լինել»,–պատմում է կինը։
Նրա խոսքով` Վիգենը ասել է, որ իր հետ նույն բանտում 23 հայ կա, բայց խցում ինքը մենակ է։ Լինդան ուզում է հավատալ, որ ճիշտն է ասել Վիգենին, թե Հայաստանի իշխանությունն ամեն ինչ անում է հայ գերիների վերադարձի համար։
Կինը դիմել է Լիբանանի կառավարությանը՝ խնդրելով պայքարել Էուլջեքչյանի ազատության համար:
«Ես դիմել եմ Լիբանանի կառավարությանը, խորհրդարանի անդամ Փոլ Յակուբյանին եմ նաև ներկայացրել իրավիճակը։ Նա խոստացել է Վիգենին վերադարձնելու հարցը բարձրացնել Ազգային ժողովում»,–ասել է նա։
Նշենք, որ 2021 թվականի հունիսի 14-ին Բաքվի դատարանը Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման։
Որոշ ժամանակ առաջ սոցցանցերում լուրեր տարածվեցին, որ Բաքվի բանտերից մեկում Վիգենին խոշտանգելով սպանել են։ Դրանից հետո կինը` Լինդան, բաց նամակ էր գրել` դիմելով ՄԱԿ–ի, Եվրոպական Միության, Եվրոպայի խորհրդի, ԵԱՀԿ առաջնորդներին, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Ֆրանսիայի, Գերմանիայի նախագահներին, Մեծ Բրիտանիայի վարչապետին և իրավապաշտպան կազմակերպություններին:
Նա խնդրել էր միջազգային իրավապաշտպան կառույցներից և համաշխարհային առաջնորդներից պարզել` արդյոք իր ամուսինը մահացել է, թե ողջ է։ Վիգեն Էուլջեքյանի ընտանիքը նրանից լուր չուներ 2023 թվականի հունվարի 27-ից ի վեր։
Վիգեն Էուլջեքչյանին Ադրբեջանում մեղադրանք է առաջադրվել «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով:
Մինչդեռ հայտնի է, որ 2015-ին Էուլջեքչյանը ստացել է Հայաստանի քաղաքացիություն, 2019-ին տեղափոխվել է սկզբում Երևան, այնուհետև` Շուշի։ 2020թ. նոյեմբերի 10-ին նրան և Մարալ Նաջարյանին գերի էին վերցրել ադրբեջանցի զինվորականները։
Ավելի ուշ Նաջարյանը ռուսական կողմի միջնորդությամբ ազատ արձակվեց։