ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ․ Ստուգումներ՝ մետաղորսիչներով․ մեկնարկել է միասնական քննությունների հիմնական փուլը

ՀՀ–ում մեկնարկել է 2024 թվականի միասնական քննությունների հիմնական (2-րդ) փուլը, որի ընթացակարգում նորամուծություն է կատարվել։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։


Քննական առաջին օրը 1176 դիմորդ հայտագրվել է «Քիմիա» առարկայից, 259-ը՝ «Ռուսաց լեզվից»:


Մինչ քննասենյակ մտնելը աշակերտները ստուգվել են մետաղորսիչների միջոցով՝ բացառելու կապի միջոցների առկայությունը քննության ընթացքում և ապահովելու բոլորի համար հավասար և անաչառ պայմաններ:


ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Երևանի Գալուստ Գյուլբենկյանի անվան թիվ 190 ավագ և Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 հիմնական դպրոցներում տեղակայված քննական կենտրոններում հետևել է «Քիմիա» առարկայի միասնական քննությանը։ Նա ընդգծել է, որ լրացուցիչ տեխնոլոգիական միջոցներ տեղադրելու անհրաժեշտություն է առաջացել։


«Տեխնոլոգիաները զարգանում են, մեր երեխաներն էլ շատ հնարամիտ են դրանց օգտագործման հարցում, և լրացուցիչ միջոցների կարիք կար, որպեսզի վստահ լինենք, որ որևէ մեկն իր հետ տեխնիկական սարք չի բերում»,- մեկնաբանել է նախարար Ժաննա Անդրեասյանը:


Մինչ քննության մեկնարկն էլ Անդրեասյանը ԳԹԿ տնօրեն Արմեն Փաշայանի ուղեկցությամբ շրջել է քննասենյակներում, զրուցել դիմորդների հետ, հետաքրքրվել՝ ինչ մասնագիտություն են ընտրել, արդյոք մասնակցել են հունվարին կազմակերպված առաջին փուլի միասնական քննությանը և այլն: Դիմորդներից շատերը նշել են, որ հունվարին նույն առարկայի քննությունից դրական միավորներ են ստացել, անգամ միջինից բարձր արդյունք ունեն, սակայն երկրորդ անգամ են փորձում` միավորները բարելավելու հույսով։


«Խորհուրդ եմ տալիս հիշել, որ ամենահուսալի ճանապարհը գիտելիքն է։ Հույսը պետք է դնել գիտելիքի և սովորածի վրա` քննությունը հաղթահարելու համար»,– նշել է Անդրեասյանը և հաջողություն մաղթել դիմորդներին:


Ըստ նրա՝ արդեն երկրորդ տարին է, որ քննության երկրորդ հնարավորություն է տրվում դիմորդներին, ինչն արվել է սթրեսի ու լարվածությունը նվազեցնելու, ըստ այդմ նաև որևէ տեսակի սարքերի կարիքի բացառումը: Երկրորդ անգամ քննությանը մասնակցելու հնարավորությունը, նախարարի խոսքով, թույլ է տալիս դիմորդին առավել գիտակցված մոտենալ և պլանավորել առաջիկա անելիքը՝ կառավարելով ժամանակը:


Անդրեասյանը շեշտել է, որ մասնագիտությունների ընտրության հարցում նկատելի է տարկետման կարգի ազդեցությունը. բնագիտական ուղղությամբ բավականին դրական արդյունքներ են գրանցվել։ Նա անդրադարձել է նաև կրկնուսույցների դերի նվազման խնդրին, ինչին ուղղված է հանրակրթության նոր չափորոշիչը, որը գալիք ուսումնական տարում կներդրվի նաև 10-րդ դասարանում:


«Հրաժարվելու ենք հոսքային ուսուցումից՝ այն փոխարինելով անհատականացված ուսուցմամբ: Յուրաքանչյուր սովորողի առաջարկվելու է ընտրել իր մասնագիտական կողմնորոշմանը համապատասխանող առարակայացանկ: Սա ենթադրում է խորացված ուսուցում նախընտրած մասնագիտության համար անհրաժեշտ առարկաներից»,- ներկայացրել է նախարարը:


Նա զրուցել է նաև դիմորդների ծնողների հետ, որոնք քննական կենտրոնների բակում սպասում էին քննության ավարտին: Ծնողները փաստել են, որ կազմակերպչական ոչ մի խնդիր չի նկատվել:


ԿԳՄՍ նախարարությունից հայտնել են, որ մարզերում «Քիմիա» առարկայից քննություն հանձնելու համար հայտագրվել է 677, Երևանում՝ 499 դիմորդ: «Ռուսաց լեզու» առարկայից քննության հայտ ներկայացնողները մարզերում 199-ն են, Երևանում՝ 60-ը: Գործում է 15 քննական կենտրոն, որից 11-ը՝ մարզերում և 4-ը՝ Երևանում:


Մ․ Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցում նախարարն այցելել է նաև 4-րդ դասարանի «Մաթեմատիկայի» քննասենյակ և հաջողություն մաղթել աշակերտներին։





Քաղաքականություն