ՀՀ-ԱՄՆ երկխոսությունը կբարձրանա Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի կարգավիճակի

ՀՀ-ն և ԱՄՆ-ը ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստում կարևորել են ԱՄՆ աջակցության դերը Հայաստանի պաշտպանական ոլորտի վերափոխման և իրավապահ համակարգի զարգացման նախաձեռնություններում։ Այս մասին նշվում է նիստի արդյունքներով ընդունված ՀՀ և ԱՄՆ կառավարությունների համատեղ հայտարարության մեջ:


Հայաստանն ու Միացյալ Նահանգներն անդրադարձել են երկկողմ հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ առաջընթացին և ուրվագծել գալիք տարում կապերի խորացման տեսլականը, որը կձևակերպվի Փոխըմբռնման հուշագրով՝ երկկողմ երկխոսության կարգավիճակը բարձրացնելով Ռազմավարական գործընկերության հանձնաժողովի:


«ԱՄՆ-ը նախատեսում է շարունակել աջակցել խորհրդատվական ծրագրերով, բանակ-բանակ շփումներով, Միջազգային ռազմական կրթական ու ուսուցողական (IMET) ծրագրի միջոցով մասնագիտական ռազմական կրթության հնարավորություններով և Կանզասի ազգային գվարդիայի հետ երկարաժամկետ պետական համագործակցության ծրագրով»,-ասվում է հայտարարության մեջ:


Նշվում է, որ Միացյալ Նահանգները վերահաստատել է իր աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, անկախությանը, ժողովրդավարությանը և տարածքային ամբողջականությանը՝ 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրին համապատասխան: Կողմերն անդրադարձել են Հայաստանի տնտեսական և էներգետիկ դիմակայունության աջակցության, ժողովրդավարական ինստիտուտների խթանման, անվտանգության և իրավապահ ոլորտներում համագործակցության հարցերին։


Փաստաթղթի մեջ նշվում է նաև, որ 2020 թվականից ի վեր Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունն արդեն քառապատկվել է։ Կողմերը հանձնառություն են ստանձնել շարունակել առավելագույնս ընդլայնել առևտրային ու տնտեսական կապերը։ ՀՀ-ն երախտագիտություն է հայտնել Արցախից բռնի տեղահանվածներին ավելի քան 21 միլիոն դոլարի մարդասիրական աջակցության համար։


Հունիսի 11-ին Երևանում ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հյուրընկալեց ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ’Բրայենի ղեկավարած միջգերատեսչական պատվիրակությանը: Հայաստանը ԱՄՆ-ի հետ ռազմավարական երկխոսությունը սկսել էր 2022 թվականի մայիսին՝ Վաշինգտոնում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հանդիպումից հետո։