Ինդոնեզիայում պիթոնը կուլ է տվել մի կնոջ

Ինդոնեզիայում հսկա պիթոնը կուլ է տվել կնոջը, որին մեկ օր անց գտել են նրա ստամոքսում, հայտնել է BBC-ն։ 4 երեխաների մայր 50-ամյա Ֆարիդան անհետացել է Կալեմպանգ գյուղի իր տան մերձակա անտառում։ Կինը գնում էր շուկա՝ իր այգում աճեցրած բանջարեղենը վաճառելու։


Ֆարիդայի ամուսինը անհանգստացել է, երբ նա գիշերը չի վերադարձել տուն և ոտքի է կանգնեցրել հարևաններին ու նրանք սկսել են փնտրել կնոջը։ Հաջորդ օրը թփերի մեջ հայտնաբերել են վեց մետրանոց հսկա պիթոնի՝ տռուզ որովայնով։


Գյուղացիները, կասկածելով վատթարագույնը, ճղել են սողունի հաստ կաշին և կնոջը հայտնաբերել օձի ստամոքսում։


Ֆարիդայի ամուսինը՝ Նոնին, ասել է, որ շատ է ցավում, որ թույլ է տվել կնոջը տնից մենակ դուրս գալ: «Եթե այդ օրը նրա հետ լինեի, պիթոնը չէր համարձակվի նրան դիպչել», - ասել է ամուսինը: «Ես նույնիսկ չեմ կարող պատկերացնել այն տառապանքը, որը նա ստիպված է եղել կրել»: Ես իսկապես ցավում եմ մեր ընտանիքի համար»:



Կալեմպանգի գյուղի ավագը պատմել է, որ հարևան մի քանի գյուղերի բնակիչներ օգնել են բռնել պիթոնին և ստամոքսից հանել նրա զոհին։


Ինդոնեզիայում սա առաջին դեպքը չէ, երբ պիթոնները հարձակվում են մարդկանց վրա։ 2022 թվականին Սումատրա կղզու Ջամբի նահանգում պիթոնը սպանել և ամբողջությամբ կուլ է տվել կաուչուկ հավաքող 50-ամյա Ջարային:


Ինչպես Ֆարիդայի դեպքում՝ նրան ևս փնտրելու են գնացել մի քանի գյուղերի բնակիչներ, իսկ մեկ օր անց հայտնաբերել են նույն հսկա ուռած փորով պիթոնին։


«Զոհը հայտնաբերվել է օձի ստամոքսում», - այդ ժամանակ տեղական լրատվամիջոցներին հայտնել է տեղի ոստիկանապետը՝ հավելելով, որ հայտնաբերման պահին նրա մարմինը գործնականում անվնաս է եղել:


Սակայն նման դեպքերը բավականին հազվադեպ են: Ինդոնեզիայում 2017 թվականից ի վեր նման կերպ չորս մարդ է մահացել, որոնց թվում՝ կինը, որին այս շաբաթ սպանել է պիթոնը։

Քաղաքականություն