Հիվանդությունների վերահսկումը հնարավոր կդառնա թվային լուծումների շնորհիվ. առողջապահության փոխնախարար
Առողջապահության նախարարի տեղակալ Արտակ Ջումայանը հունիսի 7-9-ը մասնակցել է ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանային գրասենյակի և ԱՄՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնի (CDC) համատեղ կազմակերպած «Առողջության թվային փոխակերպման (I4L) բարձր մակարդակ» գագաթնաժողովին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:
Նպատակը` փորձի և գիտելիքի փոխանակումն էր թվային առողջապահության ոլորտի վերջին ձեռքբերումների և հեռանկարների շուրջ:
Միջոցառմանը ներկա են եղել ԱՀԿ անդամ պետությունների բարձրաստիճան պաշտոնյաներ, փորձագետներ և համապատասխան մասնագետներ, որոնք քննարկել են հետագա փոխշահավետ համագործակցության ուղիներն ու հնարավորությունները:
«Էլեկտրոնային առողջապահությունը ոլորտի առաջնահերթություններից է, որը միտված է փոխելու հանրային առողջության դեմքը: Թվային լուծումների շնորհիվ` հնարավոր կդառնա հիվանդությունների վերահսկումը, տվյալների ենթակառուցվածքի արդիականացումը, առողջապահական տեղեկատվության փոխանակումը, համակարգերի փոխգործունակությունը, թվային առողջապահական քաղաքականությունն ու առողջապահական աշխատուժի զարգացումն ու ռազմավարական գնահատումը»,- նշել է Արտակ Ջումայանը:
Նա անդրադարձել է նաև վերջին շրջանում էլեկտրոնային առողջապահության ոլորտում արձանագրված փոփոխություններին, էլեկտրոնային դեղատոմսերի ներդրման ընթացքին ու ընթացիկ լուծումներին: