Բագրատ սրբազանը՝ ԱԳՆ–ի հայտարարության մասին
Անհասկանալի է, թե ինչ խաղաղության պայմանագիր է պատրաստվում ստորագրել Հայաստանը Ադրբեջանի հետ, եթե բանակցություններ որպես այդպիսին չկան, կան միայն Բաքվի պահանջները, լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս մասին ասաց «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին։
Նա այսպես մեկնաբանեց ԱԳՆ-ի այն հայտարարությունը, թե Հայաստանը պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ստորագրել խաղաղության համաձայնագիրը։
«Չեմ հասկանում, թե ինչ խաղաղության մասին կարող է խոսք լինել։ Մենք Ադրբեջանի հետ բանակցություններ չենք տեսնում, կան միայն պահանջներ Բաքվի կողմից։ Հայկական կողմը միայն այդ պահանջների հնազանդ կատարողի դերում է։ Եվ նույնիսկ այդ դեպքում Հայաստանի իշխանությունը չի կարող երաշխավորել խաղաղությունը։ Նրանք, օրինակ, չեն ասում, որ Տավուշում գյուղեր հանձնելով` ռիսկերը վերանում են, իրենց խոսքով՝ ռիսկերը միայն նվազում են։ Նույնիսկ միակողմանի զիջումները չեն կարող խաղաղության հանգեցնել։ Արդյոք դա բանակցությո՞ւն է»,- ասաց սրբազանը:
Այսօր Հայաստանի ԱԳՆ-ն, ի պատասխան Իլհամ Ալիևի հերթական պահանջին՝ փոխել ՀՀ Սահմանադրությունը, հայտարարել է, որ դա միջամտություն է երկրի ներքին գործերին: Գերատեսչությունն ավելացրել է, որ Երևանը հարևանի նկատմամբ ոչ մի տարածքային պահանջ չունի, և առկա կասկածները փարատելու լավագույն միջոցը խաղաղության պայմանագիր ստորագրելն է: Հայկական կողմն իր հերթին պատրաստ է մեկ ամսվա ընթացքում ավարտել փաստաթղթի շուրջ աշխատանքները և ստորագրել այն։