Ալեն Սիմոնյանը՝ Խաղաղության պայմանագրի մասին

Այն փուլին ենք հասել, որ բոլոր այն կետերը, որոնք խնդրահարույց են եղել թե՛ մեզ համար, թե՛ Ադրբեջանի համար, մեծ մասը ունեն իրենց պատասխանները: Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


«Ես դեռ անցյալ տարի ասացի, որ քաղաքական կամքի պարագայում խաղաղության պայմանագիրը կարելի է կնքել վաղը, բայց մենք իրավիճակի ենք ականատես լինում, երբ որ, օրինակ, հանդիպող կողմերը քննարկում են մի բան, համաձայնության են գալիս, հետո Ադրբեջանի նախագահը սկսում է հարվածել այդ գործընթացին: Տեսել ենք նաև, որ Խոջալուի հետ կապված է խոսել: Լավ կլիներ՝ պարոն նախագահը խոսեր Սումգայիթի ջարդերից, Բաքվի ջարդերից: Այդ ցեղասպանությունից պետք էր նախ սկսել խոսել, եթե մենք գնում ենք խաղաղության, խաղաղություն ցանկացող կողմը նախևառաջ պետք է խոսի, շեշտի այն բաց տեղերը, որոնք կարող են խանգարել խաղաղությանը, այլ ոչ թե նման բաներից խոսել:


Տորպեդահարելը մի երկրի համար, որը COP է ուզում ընդունել, որը ուզում է միջազգային դաշտում որպես գործընկեր հանդես գալ, որը ուզում է հավասար գործընկեր լինել աշխարհի տարբեր երկրներին, որը չի ուզում բողոքել եվրոպական և աշխարհի ժողովրդավար առաջադեմ երկրների դեմ, որ իրենց քննադատում են, պետք է բաց թողնի ռազմագերիներին, իր քաղբանտարկյալներին: Մենք ունենք մարդ, որը նույնիսկ զինվորական չէ, Սուջյանի մասին է խոսքը, որը գողացվել է Ադրբեջան-Հայաստան սահմանից, պահվում է այնտեղ, և մեծ մտահոգություն ունեմ, և մտահոգությունս հայտնել եմ բոլոր միջազգային կառույցներին և բոլոր միջազգային գործընկերներին, ում հանդիպել եմ, որ այդ տղայի առողջությանը և կյանքին կարող է վտանգ սպառնալ, որովհետև կոնկրետ այդ պարագայում հաշվեհարդար են տեսնում, և խաղաղության ցանկացողը բանակցությունների սեղանին խոսում է մի բան, բայց հետո տորպեդահարում է: Բայց դա ոչ մի բան չի նշանակում, քանի որ Հայաստանը շարունակելու է խաղաղության իր ընտրած ճանապարհը: Մենք բերելու ենք խաղաղությանը, բերելու ենք հստակ սահմանների առկայությանը»,- ասաց Սիմոնյանը:


Նա նշեց, որ հասկանալու համար, թե խաղաղության պայմանագրի որ հատվածն է մնում չհամաձայնեցված, պետք է սպասենք Ադրբեջանի պատասխանին: «Մենք հիմա ուղարկել ենք մերը, սպասում ենք պատասխանին: Այդ ժամանակ կիմանանք՝ ինչն է մնում չհամաձայնեցված»,- ասաց ԱԺ նախագահը:


Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք համաձայնությո՞ւն է ձեռք բերվել, որ Հայաստանը և Ադրբեջանը Նախիջևան-Սյունիք ճանապարհը պատվիրակեն օտարերկրյա որևէ կազմակերպության:


«Նման հարց ես չեմ հիշում, որ կա խաղաղության պայմանագրի մեջ: Մենք ասել ենք, և մեր դիրքորոշումն այն է, որ մենք պատրաստ ենք բոլոր ճանապարհների և բոլոր հնարավոր կոմունիկացիաների բացմանը, որը ձեռնտու է նաև Ադրբեջանին»,- ասաց Ալեն Սիմոնյանը: