Կան խմբեր, որոնք աշխատում են ժամանակավոր լուծումներ գտնելու ուղղությամբ. Սանոսյան
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ներկայացրեց աղետի գոտում ջրհեղեղի հետևանքների վերացման ուղղությամբ կատարվող և կատարված աշխատանքների ամփոփ տեղեկատվությունը:
Սանոսյանն իր խոսքում նշեց, որ բոլոր ուղղություններով ակտիվ աշխատանքները շարունակվում են՝ հավելելով, որ միջպետական Մ6 մայրուղին արդեն բաց է մեքենաներով երթևեկության համար, ինչը ժամանակի խնայողության ու կապի առումով ունի չափազանց կարևոր նշանակություն: Այդուհանդերձ Սանոսյանը վարորդներին հորդորեց զգույշ լինել, քանի որ որոշ հատվածներում ճանապարհի կահավորման աշխատանքները շարունակվում են:
«Երեկվանից արդեն աշխատում է Այրումի երկաթուղային կայարանը, ինչի արդյունքում արդեն ունենք վառելիքով ներկրված քսաներկու վագոն: Բենզինն ու դիզվառելիքը դատարկվել են, և վագոնները վերադարձել են Վրաստան՝ վառելիքի հաջորդ խմբաքանակը մի քանի ժամից բերելու համար»,- ասաց Սանոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ Ալավերդու շատ հատվածներ արդեն մաքրվել են աղբից, տիղմից ու ջրի հետքերից: Քարկոփ համայնքում վերջին օրերի ակտիվ աշխատանքի արդյունքում նկատելի են զգալի դրական փոփոխություններ: Այդտեղ վերականգնվել է ջրի մատակարարումը, մասնակիորեն նաև էլեկտրականության մատակարարումը: Այս պահին Ալավերդու հատվածում գործում են հետիոտնային չորս կամուրջներ, որոնք հեշտացնում են բնակիչների հոգսն ու շինարարների գործը:
«Մեր ուշադրության կենտրոնում է չորս բնակավայրերի հետ կապի ապահովման խնդիրը»,- նշել է ՏԿԵ նախարարը:
Նրա խոսքով՝ պատշաճ ուշադրություն է դարձվում նաև առողջապահական խնդիրներին, որպեսզի տեսչության և առողջապահության գործընկերները կարողանան ճիշտ գնահատել և վերահսկել սանիտարահամաճարակային իրավիճակը:
«Կան խմբեր, որոնք աշխատում են ժամանակավոր լուծումներ գտնելու ուղղությամբ, մյուսները կենտրոնացած են նախագծային աշխատանքների վրա»,- ասաց Սանոսյանը:
Նրա տեղեկացմամբ՝ հիմնական ուղղություններից մեկն էլ գետերի հուների մաքրումն է և հենապատերի վերականգնումը:
«Դեբեդի մակարդակն էականորեն նվազել է, ինչը բազմաթիվ հնարավորություններ է ընձեռել բազմաթիվ խնդիրներ լուծելու համար»,- եզրափակեց նախարարը: