ֆուտբոլը կվերադառնա Կապան․ Նիկոլ Փաշինյանը խոստացավ
Կապան քաղաքում գտնվող որոշ տարածքների նկատմամբ հանրության գերակա շահ կճանաչվի։
«Առաջարկվում է Կապանի մարզադաշտում առկա գույքը, որի մի մասը սեփականություն է՝ շենք-շինություններ, իսկ հողը համայնքային է, բոլորը միասին, որպես ընդհանուր գույք, գերակա շահ ճանաչել, որպեսզի կարողանանք հետագայում կառավարել, աշխատանքներ կատարել, բարեկարգել և այլն»,- այս մասին կառավարության նիստում ասաց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։
Նրա խոսքով՝ ենթակառուցվածքները հիմնանորոգելու կարիք կա։
«Բավական լավ համալիր է, բայց այս խառը վիճակը, կարծես, հնարավորություն չի տալիս զարգացնել այնպես, որ նպատակին ծառայի, որ Կապանում ունենանք ժամանակակից չափանիշներին համապատասխան մարզային համալիր, այսինքն՝ ոչ միայն ֆուտբոլի դաշտ, նաև՝ կից մարզական ենթակառուցվածքներ»,- ասաց նախարարը։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ այս պատմությունը 2018 թվականից է սկսվել:
«2018 թվականին, երբ գնացի Կապան, կապանցիները խնդրեցին՝ ամեն ինչ անել, որ ֆուտբոլը վերադառնա Կապան, իսկ խնդիրը նրանում էր, որ Կապանի մարզադաշտի ու օժանդակ կառույցների իրավական տարբեր կարգավիճակների, տարբեր սեփականատերերի, նրանց միջև եղած հակասությունների պատճառով ֆուտբոլային խաղերն ընդհատվել էին»,- հավելեց Փաշինյանը։
Վերջինս խոստացել է, որ դա տեղի կունենա, ինչը, սակայն, բավականին բարդ ընթացք է ունեցել։
«Ստիպված էինք տարբեր գործընկերների խնդրել, բացատրել, որպեսզի որևէ լուծման գնանք, ի վերջո, այնտեղ որոշակի հնարավորություն ստեղծվի, որ մարզադաշտում որոշակի ֆուտբոլային խաղեր վերականգնվեն, այս ընթացքում Կապանում երկու ֆուտբոլային թիմ ձևավորվեց»,- ասաց նա։
Վարչապետը նշեց, որ սեփականությունը տեսանելի ապագայում պետք է մնա պետական, բայց պետք է նաև ակումբների, մարզպետարանի, ԶՊՄԿ-ի հետ հասկանալ, թե ինչպես են մասնակցելու կառավարմանը։