8-ամյա երեխան պատուհանից վայր է ընկել․ նրա վիճակը ծանր է
Հունիսի 2-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին են զանգահարել «Արմենիա» բժշկական կենտրոնից և հայտնել, որ 2-րդ հարկից վայր ընկնելու հետևանքով «գանգուղեղային տրավմա, պոլիտրավմա» ախտորոշմամբ ծնողների կողմից իրենց մոտ է տեղափոխվել մի երեխա։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։
Հաղորդվում է, որ տեղում ոստիկանները պարզել են, որ երեխան Կոտայքի մարզի բնակիչ 8-ամյա Մ․ Գ․-ն է, ում առողջական վիճակը գնահատվում է ծանր:
Ոստիկանները պարզել են նաև, որ նույն օրը ժամը 18։10-ի սահմաններում Մ.Գ․-ն իրենց տան 2-րդ հարկում գտնվող բաց պատուհանի ցանցի պոկվելու հետևանքով վայր է ընկել, որի հետևանքով էլ ստացած մարմնական վնասվածքով տեղափոխվել է «Արմենիա», այնուհետև՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն։