Ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա․ նա մահացել է

Դժբախտ պատահար Արտաշատ քաղաքում։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ 


«Հունիսի 5-ին, ժամը 11:04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արտաշատ քաղաքի Աճառյան փողոցում ավտոբուսն ընկել է քաղաքացու վրա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:


Պարզվել է, որ վերանորոգման աշխատանքներ իրականացնելիս ամբարձիչի վրայից «Mercedes-Benz» մակնիշի ավտոբուսն ընկել է քաղաքացի Հ. Հ.-ի (ծնված 1985 թ․) վրա։


Փրկարարները քաղաքացուն դուրս են բերել ավտոբուսի տակից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է»,- ասվում է հայտարարության մեջ։