ԵՄ-ն կարող է կասեցնել Վրաստանի հետ առանց վիզայի ռեժիմի գործողությունը
Եվրամիությունը մոտ ժամանակներս կքննարկի Շենգենյան գոտու երկրներ Վրաստանի քաղաքացիների առանց վիզայի այցելությունների մասին համաձայնագրի գործողության կասեցման հարցը: Այս մասին Movement պորտալին տված հարցազրույցում հայտարարել է Թբիլիսիում Եվրամիության դեսպան Պավել Գերչինսկին։ Դիվանագետը չի թաքցրել, որ այդ քայլի պատճառը Վրաստանի խորհրդարանի կողմից «արտաքին ազդեցության թափանցիկության մասին» օրենքի ընդունումն է, որը նախատեսում է արդարադատության նախարարության հատուկ գրանցամատյանում Գրանցել այն ՀԿ-ներին եւ ԶԼՄ-ներին, որոնք ավելի քան 20 տոկոսով ֆինանսավորվում են արտերկրից:
Պավել Գերչինսկին նշել է, որ հունիսին կայանալիք Եվրոպական խորհրդի նիստում որոշում կայացնելու համար բավական է «ԵՄ անդամ պետությունների ձայների կեսից մի փոքր ավելին»: «Ես վստահ եմ, որ դա կդիտարկվի որպես տարբերակներից մեկը, և մասնակից երկրները որոշում կկայացնեն»,-ասել է դեսպանը:
«Մենք պայմանավորվել ենք Վրաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման մասին, սակայն որոշակի պայմաններով։ Այժմ մենք պետք է ստուգենք, թե արդյոք այդ պայմանները նախկինի պես գործում են»,-ընդգծել է ԵՄ ներկայացուցիչը։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ նման որոշումից կտուժեն Վրաստանի հասարակ քաղաքացիները, ինչը ԵՄ-ի նպատակը չէ: Ձևականորեն առանց վիզայի ռեժիմի կասեցման պատճառ կարող է դառնալ Թբիլիսիի կողմից ԵՄ-ի առջև ստանձնած պարտավորությունների չկատարումը, այդ թվում՝ Մարդու իրավունքների և ժողովրդավարական նորմերի պահպանման մասով:
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն այսօր՝ հունիսի 5-ին, պատասխանել է դեսպան Գերչինսկուն: Վարչապետը հայտարարել է, որ աշխարհում ոչ ոք «չի կարող պատժել վրաց ժողովրդին»:
Վրաստանի քաղաքացիները Շենգենյան համաձայնագրի երկրներ առանց վիզայի այցելությունների իրավունքից օգտվում են 2017 թվականի գարնանից: Այդ ժամանակից ի վեր մոտ 300,000 վրացիներ մեկնել են Եվրամիություն՝ աշխատանք փնտրելու համար, չնայած առանց վիզայի ռեժիմի համաձայնագիրը չի նախատեսում աշխատանքի իրավունք:
ԵՄ առաջատար պետությունները, այդ թվում՝ Ֆրանսիան, Գերմանիան, Իտալիան, Իսպանիան և Նիդեռլանդները, բազմիցս տարբեր մակարդակներով պահանջել են կասեցնել Վրաստանի հետ «առանց վիզայի ռեժիմը»՝ ԵՄ-ում քաղաքական ապաստան հայցողների անհամաչափ մեծ թվի պատճառով: Սակայն մինչ վրացական իշխանությունները կնախաձեռնեին օտարերկրյա գործակալների մասին օրենքը, Եվրահանձնաժողովն ու Եվրոպական խորհուրդը մշտապես հրաժարվում էին քննարկել Վրաստանի քաղաքացիների համար առանց վիզայի ռեժիմի կասեցման հարցը: