Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր հնարավոր կլիներ նվազեցնել. Գալուզինը նշել է` որ դեպքում

Այսօր Հայաստանի առջև ծառացած շատ ռիսկեր հնարավոր կլիներ նվազեցնել, եթե 2022 թվականին Երևանը համաձայներ ՀԱՊԿ-ի միջոցով Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակը կայունացնելու միջոցառումների փաթեթի իրականացման առաջարկին։ Այս մասին ՏԱՍՍ-ին հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը:


«Խոսքը լուրջ նախաձեռնությունների մասին էր, այդ թվում՝ ռազմատեխնիկական աջակցության, դիտորդական առաքելություն ուղարկելու, սահմանապահ զորքերի պատրաստման հարցում աջակցության։ Ցավոք, Հայաստանի ղեկավարությունը նախընտրեց հրավիրել ԵՄ առաքելությանը, որն ամենևին էլ չի պաշտպանում պետության սահմանները, այլ մոնիտորինգի անվան տակ զբաղված է Ադրբեջանի, Իրանի և Ռուսաստանի դեմ հետախուզական տվյալների հավաքագրմամբ», - ասել է դիվանագետը։


Նրա խոսքով՝ Ռուսաստանը իսկապես շահագրգռված է Հարավային Կովկասում հարևանների միջև կայուն խաղաղության հաստատմամբ։ Միևնույն ժամանակ, ըստ Գալուզինի, Արևմուտքի նպատակները, որտեղ Հայաստանի ղեկավարությունն այժմ ակտիվորեն փնտրում է անվտանգային նոր գործընկերներ, լրիվ հակառակ բնույթ ունեն։


«Հիմնական նպատակներից մեկը Եվրասիայում ինտեգրացիոն գործընթացները խարխլելն է, մեր ընդհանուր ինտեգրացիոն նախագծերը՝ ՀԱՊԿ, ԱՊՀ, ԵԱՏՄ, նրանց համար կոկորդում մնացած ոսկոր են: Այս նպատակին հասնելու համար Վաշինգտոնը և նրա դաշնակիցները պատրաստ են ցանկացած քայլի, ներառյալ Ռուսաստանին հարևան պետություններում ներքաղաքական և սոցիալ-տնտեսական իրավիճակի ապակայունացումը։ Շահարկվում են ներտարածաշրջանային հակասությունները: Նման գործընկերներին չի կարելի վստահել։ Ազգային շահերը և հայկական պետության կայունության ամրապնդումն Արևմուտքի առաջնահերթություններից չեն։ Ընդհակառակը, նրան ձեռնտու է լարվածության օջախներ պահպանել հետխորհրդային տարածքում՝ Ռուսաստանին թուլացնելու համար, որն ըստ էության մնում է այստեղ անվտանգության գլխավոր երաշխավորը», - եզրափակել է Գալուզինը: