Քաղաքականություն

QR կոդերի դրոշմավորման պատճառով` 5-7%-ով թանկացնում են ապրանքների ինքնարժեքը. ահազանգ

Ofelya
QR կոդերի դրոշմավորման պատճառով` 5-7%-ով թանկացնում են ապրանքների ինքնարժեքը. ահազանգ

Հայաստանում ապրանքների նույնականացման QR կոդերով դրոշմավորման համակարգը, որը ներկայացվում է որպես ստվերի դեմ պայքարի և ԵԱՏՄ պահանջների ապահովման միջոց, դարձել է լրացուցիչ բեռ տնտեսվարողների համար։ Գործարարները դժգոհում են, որ համակարգի ներդրման արդյունքում մի ընկերություն հարստանում է QR կոդերի տրամադրման հաշվին, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:


2025 թվականի փետրվարին կառավարությունը հաստատեց պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ընդլայնված ցանկը՝ ներառելով 74 անուն ապրանք, այդ թվում՝ կաթնամթերք, մսամթերք, դեղեր և վառելիք։ Եթե նախկինում դրոշմապիտակների ֆինանսավորումն իրականացնում էր պետությունը (2024-ին վճարվել է ավելի քան 5.1 միլիարդ դրամ), ապա նոր համակարգով ծախսն ամբողջությամբ տեղափոխվել է բիզնեսի վրա։ 2025 թվականին բիզնես դաշտն արդեն գնել է շուրջ 1.3 միլիարդ QR կոդ՝ յուրաքանչյուրի համար վճարելով 2.5 դրամ, ինչն ընդհանուր կազմել է ավելի քան 3.25 միլիարդ դրամ։ Գործարարների հաշվարկով՝ սա ապրանքի ինքնարժեքն ավելացնում է 5–7%-ով։


Համակարգի «ազգային օպերատորը» մասնավոր ընկերություն է։ Մրցույթին մասնակցել և հաղթել է ընդամենը մեկ կոնսորցիում՝ «Հեռանկարային տեխնոլոգիաների զարգացման կենտրոն-Արմենիա», որը հետագայում վերանվանվել է «Ի-Մարկ» ՍՊԸ։ Ընկերության սեփականատերը ՊԵԿ նախագահի նախկին տեղակալ Միքայել Փաշայանն է։ Ուշագրավ է, որ օպերատորին ընտրող հանձնաժողովի կազմը վարչապետը հաստատել է 2020 թվականի պատերազմի օրերին, իսկ մրցույթն անցկացվել է նոյեմբերի 12-ին։


ՀՀ դատախազությունից հայտնել են, որ 2025 թվականի ապրիլի 1-ին նախաձեռնվել է քրեական վարույթ Քրեական օրենսգրքի մի շարք հոդվածների հատկանիշներով, և կատարվում է նախաքննություն։


Գործարարները, մասնավորապես սուրճ արտադրող Րաֆֆի Մեխջյանը, ահազանգում են, որ սա բերում է ապրանքների թանկացման և շահույթի կրճատման։ «Երևան գարեջուր» ընկերությունն արդեն հայց է ներկայացրել դատարան՝ վիճարկելով կարգավորումների օրինականությունը։ Իրավաբանները պնդում են, որ վարչաիրավական հարաբերությունները մասնավոր դաշտ տեղափոխելը և տնտեսվարողներին մասնավորի հետ պայմանագիր պարտադրելը հակասում է Հարկային օրենսգրքին ու տնտեսական ինքնավարության սկզբունքներին։ Դատարանը պետք է պարզի՝ արդյոք այս կարգավորումները չեն խախտում օրենքը և ինչու պետական բյուջե գնալու փոխարեն գումարներն ուղղվում են մասնավոր ընկերությանը։


Առավել մանրամասն` սկզբնաղբյուրում:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250