Լոռիում տեղի ունեցած աղետի հետևանքով որևէ պոչամբար չի վնասվել. «Հետք»

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մամուլի խոսնակ Սոնա Հարությունյանը «Հետքի» հարցմանն ի պատասխան վստահեցրել է, որ Լոռու մարզի պոչամբարներն աղետից հետո կայուն են, պատվարները վնասված չեն, և որևէ խնդիր չի առաջացել:


«Պարբերաբար մշտադիտարկում է իրականացվում, որևէ վնասում, որևէ վտանգ պոչամբարների պատվարների մասով չկա»,- նշել է Սոնա Հարությունյանը:


Լոռին պոչամբարներով հագեցած երկրորդ մարզն է` Սյունիքից հետո, այստեղ 9 պոչամբար է հաշվարկվում: Մետաղական հանքավայրերին կից պոչամբարների ներկայիս վիճակի մասին փորձել ենք պարզաբանումներ ստանալ ընկերություններից կամ վարչական ղեկավարներից:


Գործող հանքավայրերից և լեռնահարստացման կոմբինատներից մեկը «Թեղուտ» ՓԲԸ-ի շահագործած Թեղուտի հանքավայրն ու դրա կոմբինատն է: Ընկերության գլխավոր տնօրեն Վլադիմիր Նալիվայկոն  հարցերին ի պատասխան հայտնել է, որ տեղի ունեցած աղետը պոչամբարի ամբարտակի մարմնի վրա որևէ ազդեցություն չի գործել: Ամբարտակն անփոփոխ վիճակում է: Սակայն տնօրենը տեղեկացրել է, որ դադարեցվել է հանքաքարի արդյունահանման և վերամշակման արտադրությունը:


«Պոչամբարում աշխատող գործառնական անձնակազմը վարարման ժամանակահատվածում ձեռնարկել է սպառիչ օպերատիվ միջոցառումներ, որոնք միտված են եղել կանխելու վարարված ջրերի հոսքը պոչամբար: Այս պահին ամբարտակն ամրացված է լրացուցիչ ժայռային գրունտով: Աշխատանքն իրականացվել է վերջին 2 տարիների ընթացքում և այս պահին ևս շարունակվում է»,- նշել է Վ. Նալիվայկոն։


Բացի դրանից, գլխավոր տնօրենը հայտնել է, որ ներկայում «Միգրուպ» նախագծային ընկերությունը Ստավրոպոլի հետազոտական կազմակերպության մասնակցությամբ «Ապարաժ» ընկերության սարքավորումների միջոցով իրականացնում է պոչամբարից հանուկների ընտրություն՝ դրանց լրացուցիչ ուսումնասիրության համար: Դրանց ուսումնասիրությունից հետո կկատարվի պոչանքների կոնսոլիդացիայի դինամիկայի հաշվարկ, պոչամբարի ամբարտակի կայունության աստիճանի վերահաշվարկ և, հնարավոր է, պոչամբարի ամբարտակի` ժայռային գրունտով բարձման աշխատանքների ծավալների հստակեցում:


Մանրմասները` սկզբնաղբյուրում:

Քաղաքականություն