ՀՌՀ նախագահը՝ Ռուսաստանի Առաջին ալիքի հեռարձակումը դադարեցնելու մասին
Ռուսական Առաջին ալիքի հեռարձակման դադարեցումը ՀՀ հանրային մուլտիպլեքսով բացառապես տնտեսական խնդիր է։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը։
«Խնդիրը զուտ տնտեսական է. ՀՀ հեռուստառադիոյի հեռարձակման ցանցը պայմանագիր ունի Ռուսաստանի Առաջին ալիքի հետ, որով վերջինը պարտավորություն ունի ամեն ամիս հոգալ սփռման ծախսերը, որը բավականին փոքր գումար է` ամսական մոտ 3000 դոլարի չափ։ Դա նույն գումարն է, որը վճարում են նաև մեր մայրաքաղաքային սփռման տեղական ալիքները, այսինքն` որևէ տարբերություն դրված չէ»,– ասել է Հակոբյանը` կարծիք հայտնելով, որ այդպիսի խոշոր ընկերության համար, ինչպիսին Առաջին ալիքն է, գումարը մեծ չէ։
Հիշեցնենք` Ռուսական Առաջին ալիքի սփռումը Հայաստանի տարածքում դադարեցվել է։ Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը «Արմենպրեսին» հայտնել էր, որ ՌԴ Առաջին ալիքը չի կատարել իր պայմանագրային պարտավորությունները՝ կուտակելով 2,5 ամսվա պարտք, ինչն էլ պատճառ էր դարձել դրա սփռումը ժամանակավորապես դադարեցնելու` մինչև պարտքի ամբողջական մարումը։
ՀՌՀ նախագահը հայտնել է, որ իր տեղեկություններով` ОРТ-ի տնօրինությունը մի քանի անգամ զգուշացվել է պարտքը մարելու մասին։
«Նախորդ շաբաթ եթերազրկվել էին նաև հայաստանյան լիցենզավորված որոշ հեռուստաալիքներ, որոնք շատ ավելի փոքր պարտք էին կուտակել։ Ես կարող եմ հիշել «Նոր Հայաստան», «21 TV», «Freenews», «Ֆորտունա», «5-րդ ալիք» հեռուստաալիքները։ Այսինքն` անկախ իրենց քաղաքական պատկանելությունից, բոլոր այն հեռարձակողները, որոնք պարտքեր են կուտակում, պարբերաբար եթերազրկվում են, ինչը, ըստ պայմանագրի, նորմալ գործընթաց է»,– նշել է Հակոբյանը` հույս հայտնելով, որ ռուսական ընկերությունը մոտ ապագայում պարտքը կմարի ու կվերադառնա եթեր։
«Ես կարծում եմ, որ արդար չէ, որ հարուստ պետության շատ հզոր հեռարձակողը չվճարի, իսկ Հայաստանում գործող հեռարձակողները վճարեն։ Սա կոչվում է խտրականություն»,– լրատվամիջոցին ասել է Հակոբյանը։
ՀՌՀ նախագահը հիշել է, որ ռուսական հեռուստաընկերության հետ կապած վճարումն ուշացնելու խնդիրներ նախկինում էլ եղել են։ Բայց նախկինում օրենսդրական կարգավորումներն այլ են եղել, Հայաստանում էլ, նրա մեկնաբանմամբ, քաղաքական շարժառիթներից դրդված, Առաջին ալիքի հեռարձակումը չեն դադարեցրել։
«2011-2020թթ–ին հեռուստաալիքը մի պահ, եթե չեմ սխալվում, նույնիսկ չէր վճարում սփռման համար։ Այստեղ կար միջնորդ կազմակերպություն, որի հետ ОРТ-ն պայմանագիր էր կնքել, և գումարային պարտավորությունները դրված էր տեղական ընկերության վրա, որը չէր վճարում։ Բայց 2019թ–ին, երբ ես դարձա հանձնաժողովի նախագահ, նամակներ ուղարկեցի Առաջին ալիքի ղեկավարությանը, մասնավորապես` Կոնստանտին Էռնստին և ստացա պատասխան, որ բոլոր խնդիրները կապված են տեղական միջնորդի հետ, որովհետև իրենք այդ միջնորդին անվճար են տալիս իրենց ծրագիրը։ Միջնորդին զգուշացնում էինք, դա կիսալուծարված կազմակերպություն էր, և, իմ կարծիքով, Առաջին ալիքը եթերում պահելու շարժառիթը միայն քաղաքական էր, որովհետև չէին ուզում նեղացնել մեր դաշնակցին»,– լրատվամիջոցին ասել է Տիգրան Հակոբյանը։
ՀՌՀ նախագահի խոսքով` այսօր թե՛ տեղական, թե՛ արտասահմանյան հեռարձակողները ՀՀ–ում գործում են նոր օրենսդրական կարգավորումներով, որն ապահովում է հավասար մրցակցային պայմաններ, որի դիմաց հեռարձակողները պարտավոր են պատշաճ կատարել իրենց պայմանագրային պարտականությունները։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։